Ալիևն իր հայտարարությամբ բացահայտորեն ընդունում է ՀՀ ինքնիշխան տարածքների նկատմամբ օկուպացիայի փաստը․ ՀՀ ԱԳՆ

2023թ. ապրիլի 18-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները հերթական անգամ ի ցույց են դնում նրա մղումները՝ տորպեդահարելու Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված հայկական կողմի և միջազգային հանրության ջանքերը․ տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Իլհամ Ալիևն իր այս հայտարարություններով բացահայտ արհամարհանք է ցուցաբերում միջազգային տարբեր գործընկերների նկատմամբ, ում ներկայությամբ և միջնորդությամբ Ադրբեջանը ճանաչել է ՀՀ տարածքային ամբողջականությունը և ստանձնել է մի շարք հստակ պարտավորություններ, այդ թվում՝ և´ Ալմաթիի հռչակագրի հիման վրա Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանազատման, և´ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների ու անվտանգության երաշխիքների հասցեագրման համար միջազգային մեխանիզմի ստեղծման շուրջ։ Ավելին, Ադրբեջանի նախագահն իր հայտարարությամբ բացահայտորեն ընդունում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների նկատմամբ ծրագրավորված ագրեսիա իրականացնելու և օկուպացիայի փաստը, ինչպես նաև անթաքույց կերպով բացահայտում է Լեռնային Ղարաբաղի բնակչությանն էթնիկ զտումների ենթարկելու իր մտադրությունները։ Ադրբեջանի նախագահը, ում ղեկավարությամբ այդ երկրում տեղի են ունենում մարդու իրավունքների և տարբեր խմբերի իրավունքների կոպտագույն և աղաղակող ինստիտուցիոնալ խախտումներ, բացահայտորեն գոյաբանական սպառնալիքներ է հնչեցնում՝ ուղղված իրենց հայրենիքում բնակվող Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությանը։ Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից հայ ժողովրդի նկատմամբ հնչեցված ատելության խոսքն ակնհայտորեն միտված է խորացնել ադրբեջանական հանրության շրջանում հայ ժողովրդի նկատմամբ տասնամյակներ շարունակ պետականորեն քարոզվող անհանդուրժողականությունը և ատելությունը, ինչի հետևանք են նաև Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչների կողմից իրականացված պատերազմական հանցագործությունները, էթնիկ հողի վրա ռազմագերիների և պատանդառված քաղաքացիական անձանց արտադատական սպանությունները, դրանք իրականացնող անձանց իսկ կողմից դրանց տեսանկարահանումը և տարածումը՝ իբրև հպարտության առարկա։ Ադրբեջանի քաղաքական ղեկավարության հայտարարություններից ոգեշնչված է նաև այն, որ օրեր առաջ ադրբեջանցի զինծառայողն ապօրինաբար ներխուժել է ՀՀ տարածք և կանխամտածված կերպով դաժան սպանության ենթարկել ՀՀ քաղաքացուն և փորձել այդ մասին, ինչպես նաև բազմաթիվ այլ հայերի՝ քաղաքացիական անձանց, սպանելու իր մտադրության մասին տեղեկացնել ադրբեջանական կողմին։ Համոզված ենք, որ Ադրբեջանի նախագահի նշյալ հայտարարությունից հետո միջազգային հանրության շրջանում կասկած անգամ չի կարող հարուցել այս և վերոնշյալ հանցագործությունների՝ պետական մակարդակով կազմակերպված լինելու հանգամանքը։ Տարածաշրջանում տարիներ շարունակ կուտակված խնդիրներին կայուն և տևական կարգավորումներ փնտրելու փոխարեն՝ Ադրբեջանը ուժի և ուժի կիրառման սպառնալիքների միջոցով փորձում է առաջ մղել իր առավելապաշտական նկրտումները։ Հայկական կողմը բազմիցս ահազանգել է Ադրբեջանի կողմից վարվող այս քաղաքականության՝ իրավիճակն ապակայունացնող հեռանկարների մասին և միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել միջազգային իրավունքի վրա հիմնված աշխարհակարգի համար նման գործելաոճի վտանգների վրա»,- ասված է ԱԳՆ հայտարարության մեջ։

Աղբյուր ` https://www.mfa.am/hy/press-releases/2023/04/19/mfa_statement/11977

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

 

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments