Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հարձակումը շատ հավանական է․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը France 24-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հարձակումը շատ հավանական է: «Վերլուծելով պաշտոնական Բաքվից հնչող հայտարարությունները՝ գալիս ենք եզրակացության, որ, այո, հարձակումը Հայաստանի վրա շատ հավանական է։ Ինչո՞ւ, որովհետև, օրինակ, պաշտոնական Բաքվից շատ հաճախ հնչում են «Արևմտյան Ադրբեջանի» վերաբերյալ հայտարարություններ։ Ըստ էության, Ադրբեջանն «Արևմտյան Ադրբեջան» անվանում է Հայաստանի Հանրապետությունը իր ամբողջ տարածքով՝ նկատի ունենալով, որ Հայաստանի Հանրապետության տարածքների մեծ մասն ադրբեջանական են:

Դիվանագիտական մակարդակում Ադրբեջանը հավաստիացնում է,որ հարձակման ոչ մի մտադրություն չունի, բայց որտեղի՞ց են գալիս այդ տեսակետները հարձակման հավանականության մասին։ Առաջինը, որ արդեն իսկ հրապարակային պայմանավորված սկզբունքները խաղաղության պայմանագրի տեքստի մեջ արտահայտելիս՝ մենք տեսնում ենք Ադրբեջանի կողմից որոշակի հարուցվող դժվարությունները։ Երկրորդը՝ ամենաբարձր մակարդակով հնչող հրապարակային խոսույթն է, որը, եթե կարճ ներկայացնեմ, Հայաստանի Հանրապետությունն «Արևմտյան Ադրբեջան» անվանելու մեջ է արտահայտվում։ Երրորդը՝ ագրեսիվությունն է սահմանին։ Օրինակ, վերջին միջադեպը, երբ մենք 4 զոհ ունեցանք․ այդ միջադեպը որևէ ձևով արդարացված չէ։ Նրանք հայտարարել էին, որ իրենց զինվորներից մեկը վիրավոր է, մենք էլ հայտարարեցինք, որ հետաքննություն կիրականացնենք, որովհետև կա հրաման չարդարացված ձևով որևէ գործողություն չիրականացնել, և, եթե պարզվի, որ կա այդ հրամանի խախտում, կլինեն նաև օրենքով նախատեսված հետևանքներ։ Չնայած այս հայտարարություններին՝ Ադրբեջանն այդ առիթն օգտագործեց, որպեսզի ագրեսիվություն ցուցաբերի։ Այս փաստերի համախումբն է, որ բերում է շատ հայաստանյան և միջազգային փորձագետների, որ Ադրբեջանը նոր հարձակում է պատրաստում Հայաստանի վրա»,- ասել է Փաշինյանը:

Վարչապետը նաև ասել է, թե Հայաստանի բանակում բարեփոխումները որևէ մեկին չպետք է անհանգստացնեն։ «Ադրբեջանն ամեն անգամ մեծ աղմուկ է բարձրացնում ռազմատեխնիկական ոլորտում մեր որևէ նոր համագործակցության պարագայում, բայց Ադրբեջանը չի ասում, որ ինքը միլիարդավոր դոլարների զենք է գնում։ Եվ սա կարևոր փաստ է արձանագրելու համար։ Ինչո՞ւ է Ադրբեջանն անհանգստացած հայկական բանակի բարեփոխումներով այն պայմաններում, երբ օկուպացիայի տակ է պահում ՀՀ ինքնիշխան տարածքներ, և այն պայմաններում, երբ մենք ասում ենք՝ եկեք Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանն արտահայտենք գետնի վրա և այդ սահմանի գծից զորքերը հայելային հետ քաշենք, և դա կլինի փոխադարձ վստահության շատ կարևոր քայլ։ Մեր բանակի բարեփոխումը որևէ մեկին չպետք է անհանգստացնեն»,- ասել է վարչապետը։ Հայաստանը գործնականում սառեցրել է իր մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության աշխատանքներին։ France 24-ին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ես գնահատում եմ, որ ՀԱՊԿ-ն չի կատարել անվտանգային ոլորտի պարտավորությունները Հայաստանի նկատմամբ, մասնավորապես 2021 թվականին, 2022 թվականին, և դա չէր կարող անցնել առանց հետևանքների։ Եվ հետևանքն էլ այն է, որ մենք գործնականում, ըստ էության, սառեցրել ենք մեր մասնակցությունը ՀԱՊԿ-ում»,- հայտարարել է Փաշինյանը։ Անդրադառնալով Հայաստանում ռուսական ռազմաբազայի վերաբերյալ հարցին՝ վարչապետն ասել է, որ ռուսական ռազմաբազան Հայաստանում է գտնվում ոչ ՀԱՊԿ-ի շրջանակներում։ «Դա բոլորովին այլ իրավապայմանագրային հարթություն է, և այդ հարթությանն անդրադառնալու առիթ չենք ունեցել»,- ասել է վարչապետը։

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments