Փաշինյանը, Բլինքենը, Ֆոն դեր Լայենը և Բորելը Բրյուսելում հանդես են եկել հայտարարություններով
Բրյուսելում մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հանդիպումը։ Մինչ հանդիպման մեկնարկը նրանք և ԵՄ արտաքին հարաբերությունների հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հանդես են եկել հայտարարություններով։ Եվրահանձնաժողովի նախագահն ասել է, որ Եվրամիությունն առաջիկա 4 տարիների համար Հայաստանին կտրամադրի 270 միլիոն եվրո դրամաշնորհ։ «Մենք Հայաստանին 270 միլիոն եվրո դրամաշնորհային աջակցություն կցուցաբերենք առաջիկա չորս տարիներին։ Մեր այսօրվա հանդիպումը վերաբերում է Հայաստանի զարգացման հեռանկարներին, նրա կայունության ամրապնդմանը, ձեռնարկատիրության զարգացմանը», – հայտարարել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Պետքարտուղար Բլինքենն ասել է, որ ԱՄՆ-ը Հայաստանի տնտեսությունում 65 միլիոն դոլարի ներդրում կանի։
«Վաշինգտոնը ցանկանում է Հայաստանին տեսնել ուժեղ երկիր, որը խաղաղ գոյակցում է հարևանների հետ։ Այս հարցում ԱՄՆ-ը ցանկանում է լինել Հայաստանի գործընկերը։ Մենք չպետք է բաց թողնենք այդ հնարավորությունը։ Կշարունակենք աջակցել նաև Լեռնային Ղարաբաղից վտարված մարդկանց», – նշել է Բլինքենը։ Ժոզեպ Բորելն ասել է, որ Եվրամիությունը Հայաստանին կօգնի դիմակայելու դրսի ազդեցությանը և մանիպուլյացիային։ Վարչապետ Փաշինյանը հայտարարել է, որ Երևանը հանձնառու է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանը և պետական սահմանի սահմանազատմանը տարածքային ամբողջականությունը հարգելու հիման վրա՝ 1991 թվականի Ալամա-Աթայի հռչակագրին համապատասխան։
https://www.primeminister.am/hy/press-release/item/2024/04/05/Nikol-Pashinyan-Announcement/
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com