«Զվարթնոց»-ում և 44-օրյայի ընթացքում ու հետո ՀՀ-ում տեղակայված ռուս սահմանապահները կհեռանան
Համաձայն ձեռք բերված պայմանավորվածության, 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արարատի մարզերում տեղակայված ռուս սահմանապահ և զինվորական կետերը կդադարեցնեն իրենց տեղակայումը և դուրս կգան այդ կետերից, այսօր հայտարարել է Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։ Նրա փոխանցմամբ, բարձրագույն մակարդակում հաստատվել է նաև «Զվարթնոց» օդանավակայանում ՌԴ սահմանապահների գործունեությունը դադարեցնելու որոշումը:
Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ համաձայնեցվել է Հայաստանի մի շարք մարզերից ռուսաստանցի զինվորականների և սահմանապահների դուրսբերումը, սակայն նրանք կմնան Թուրքիայի և Իրանի հետ Հայաստանի սահմանին: «2020 թվականի աշնանը հայկական կողմի խնդրանքով մեր զինվորականները և սահմանապահները տեղակայվեցին մի շարք հայաստանյան մարզերում: Փաշինյանն ասաց, որ այսօր փոփոխված պայմանների հետ կապված նման կարիք այլևս չկա, հետևաբար նախագահ Պուտինը համաձայնեց, և մեր զինվորականների, սահմանապահների դուրսբերումը համաձայնեցվեց», – «Ինտերֆաքս»-ին ասել է Պեսկովը՝ հավելելով, որ «նույնպես հայկական կողմի խնդրանքով՝ մեր սահմանապահները կմնան հայ – թուրքական և հայ – իրանական սահմաններին և կշարունակեն իրականացնել իրենց գործառույթները»:
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com