Մենք չպետք է սահմանափակվենք խաղաղության պայմանագրի ստորագրմամբ, կարող ենք ավելի հեռուն գնալ․ Միրզոյան

Ալմաթիում այսօր մեկնարկել են Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովի և Արարատ Միրզոյանի բանակցությունները։ ՀՀ ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանը նշել է երկկողմ հանդիպման խորհրդանշականությունը, քանի որ այն տեղի է ունենում նույն շենքում, որտեղ 1991 թվականին ստորագրվել է Ալմա-Աթայի հանրահայտ հռչակագիրը, փոխանցում է Սպուտնիկի ղազախական ծառայությունը։ Այդ փաստաթղթի ստորագրմամբ նախկին խորհրդային 11 հանրապետությունները ճանաչեցին, որ իրենց միջև նախկին վարչական սահմանները ճանաչվում են որպես անկախ պետությունների սահմաններ, հիշեցրել է նա։ «Կարևոր է նշել, որ վերջին երկու տարիների ընթացքում և՛ Հայաստանի վարչապետը, և՛ Ադրբեջանի նախագահը մի քանի անգամ հաստատել են իրենց հավատարմությունը Ալմա-Աթայի հռչակագրին»,- ասել է Միրզոյանը։

Նա հավելել է, որ այս փաստաթղթի հիման վրա պետք է տեղի ունենա երկու պետությունների սահմանազատման գործընթացը։ «Հայաստանը միտված է խաղաղությանը, խաղաղության պայմանագրին»,- փաստել է նա։ Պաշտոնյան հավելել է, որ Հայաստանը շատ կառուցողական է ներգրավված բանակցային գործընթացում։ «Ավելին, մենք կարծում ենք, որ չպետք է սահմանափակվենք խաղաղության պայմանագրի ստորագրմամբ։ Մենք կարող ենք ավելի հեռուն գնալ, կարող ենք ապաշրջափակել տարածաշրջանի բոլոր տրանսպորտային հաղորդակցությունները՝ հասկանալով, որ բոլոր տրանսպորտային ենթակառուցվածքները կմնան այն երկրների ինքնիշխանության ներքո, որոնց տարածքով դրանք անցնում են, սահմանները հատելու ընթացակարգերը փոխադարձաբար»,- ամփոփել է Արարատ Միրզոյանը։

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com 

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments