Կառավարությունը կաջակցի ոչխարաբուծությամբ,այծաբուծությամբ,մեղվաբուծությամբ զբաղվողներին

Կառավարության օգոստոսի 22-ի նիստին հաստատվեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներկայացրած՝ անասնաբուծության խթանման ծրագրերը: Այս մասով Կառավարության որոշումը բաղկացած է 3 ենթածրագրից: Առաջինը ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման 2024-2028 թթ. ծրագիրն է:

«Նախկինում նման ծրագիր եղել է՝ մինչև 2021 թվականը, որն ունեցել է 2 բաղադրիչ՝ կա՛մ ձեռքբերված կենդանիների վարկային տոկոսներն են սուբսիդավորվել, կա՛մ 23-27 տոկոսով տնտեսվարողներին արժեքի փոխհատուցում է տրվել:

Այս ծրագիրը բովանդակությամբ լավ է աշխատել, բայց ծավալները գոհացուցիչ չեն եղել: Դրա համար, որպեսզի ծավալները մեծացնենք, այս նախագծով առաջարկում ենք փոխհատուցման բաղադրիչը մեծացնել մինչև 50 տոկոս»,- ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է, որ կներկրվի համաշխարհային լավագույն ցեղերի 10 հազար գլուխ տոհմային կենդանի, որոնց գենոֆոնդը կօգտագործվի տեղական ցեղերի մթերատվության բարձրացման նպատակով:

«Արդյունքում ակնկալում ենք, որ տեղական ոչխարների պտղատվությունը կբարձրանա 20 տոկոսով, կենդանի զանգվածը՝ 15 կիլոգրամով, իսկ այծերի կենդանի զանգվածը կավելանա մինչև 7 կիլոգրամով: Ծրագրի ավարտին ներկրված կենդանիներից տարեկան կստացվի շուրջ 20 հազար գլուխ բարձրարժեք սերունդ, գրեթե 25 տոկոսով կավելանա ոչխարաբուծությունից և այծաբուծությունից ստացվող արտադրանքի ծավալը, կամ տարեկան ակնկալում ենք, որ կարտադրենք շուրջ 3,5 մլրդ դրամի հավելյալ արտադրանք:

Ծրագրի իրականացման համար պետական բյուջեից 2024-2028 թթ. անհրաժեշտ է հատկացնել մոտավորապես 1 մլրդ 951 մլն դրամ»,- ասաց նախարարը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով առաջարկվող փոփոխությանը, պարզաբանեց. «Այսինքն՝ եթե 200 դոլարով կամ 100 հազար դրամով ձեռք է բերվել մանր եղջերավոր տոհմային սերտիֆիկացված անասուն, գլխաքանակ, ուրեմն գումարի 50 տոկոսը Կառավարությունը հետ է տալիս»:

Երկրորդ ծրագիրը մթերատվության բարձրացման փորձնական ծրագիրն է, որը կիրականացվի 4 մարզում՝ Գեղարքունիք, Սյունիք, Տավուշ և Արագածոտն:

«Սերմնավորման ծրագրի համար միջին գինը 15 հազար դրամ է: Մենք այս ծրագրով կփոխհատուցենք արժեքի 70 տոկոսը, բայց ոչ ավելի, քան 10 հազար դրամը: Եթե կստացվի 15 հազարից ներքև, ապա 10 հազարից քիչ կփոխհատուցենք 1 անասունի սերմնավորման համար»,- ասաց նախարարը և հավելեց՝ սերմնավորման արդյունքում ակնկալվում է, որ կովերի կաթնատվությունը կավելանա տարեկան մինչև 1100 կիլոգրամով՝ կազմելով 3600 կգ (այժմ 2300-2400 կիլոգրամ է), որի շնորհիվ տարեկան հավելյալ կարտադրվի 31 հազար տոննա կաթ, իսկ կենդանի զանգվածը 30 կիլոգրամով կավելանա, և դրա հետևանքով լրացուցիչ կարտադրվի հանրապետությունում 1000 տոննա միս կամ ծրագրի շնորհիվ երկրում լրացուցիչ կարտադրվի 8,2 մլրդ դրամ արժեքով բարձրորակ կաթ և միս»,- ասաց նա՝ նշելով, որ այս ծրագրի համար անհրաժեշտ է մոտ 220 մլն դրամ հատկացնել:

Մթերատվության բարձրացման փորձնական ծրագրի մասով Կառավարության անդամներն առաջարկեցին այլ մարզեր ևս դիտարկել:

Երրորդ ենթածրագիրը մեղվաբուծության զագացման փորձնական ծրագիրն է, որի շրջանակում ակնկալվում է ծախսերի 50 տոկոսի փոխհատուցում, սակայն 1 մեղվաընտանիքի համար՝ առավելագույնը 40 հազար դրամ:

«Ակնկալվում է, որ ազգաբնակչությունը 2 տարվա ընթացքում ձեռք կբերի լրացուցիչ 10 հազար մեղվաընտանիք, իսկ տարեկան հավելյալ կարտադրվի շուրջ 300 հազար կգ բարձրորակ մեղր»,- ասաց Պապոյանը՝ նշելով, որ ծրագրի համար 400 մլն դրամ է անհրաժեշտ, կօգտագործվեն սահմանամերձ բնակավայրերի կերահանդակներն ու անտառները:

Վարչապետն արձագանքեց՝ այս որոշմամբ անասնաբուծության հետ կապված տարբեր ծրագրերը կոնսոլիդացվում են գոնե մասամբ, քանի որ կան ծրագրեր, որոնք, այդուամենայնիվ, դուրս են մնում, օրինակ՝ խեցգետնագործության ծրագիրն ինտեգրված չէ:

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments