Այս ոլորտից նախկինում 0 հավաքագրումն այս տարի դարձել է 24 մլրդ. Ավինյանը՝ շինարարության ոլորտից ստացված սեփական եկամուտների մասին
2024 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների համար պլանավորված 56 մլրդ 733 մլն 625 հազար 800 դրամ սեփական եկամուտներից փաստացի հավաքագրվել է 59 մլրդ 502 մլն 677 հազար 800 դրամ, կատարողականը՝ 104,9 տոկոս, գերակատարումը՝ 2,8 մլրդ դրամ: Այդ մասին զեկուցվեց Երևանի քաղաքապետարանի՝ դեկտեմբերի 16-ի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ սեփական եկամուտների աճը կազմել է ավելի քան 21,6 մլրդ դրամ: Դեկտեմբերի 12-ի դրությամբ արդեն իսկ տարեկան սեփական եկամուտների կատարողականը կազմել է 106 տոկոս, իսկ շինբլոկից հավաքագրումը՝ շուրջ 24 մլրդ դրամ:
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հատկապես թերակատարում արձանագրած վարչական շրջանների ղեկավարների ուշադրությունը հրավիրեց եկամուտների հավաքագրման ցուցանիշների վրա՝ ընդգծելով, որ այս ցուցանիշներով է նաև չափվում վարչական շրջանների աշխատանքի արդյունավետությունը, քանի որ եթե հավաքագրման հարցում կան էական շեղումներ, ապա կարող են արդյունավետության վերաբերյալ հարցեր առաջանալ։
Քաղաքապետը ուշադրություն հրավիրեց նաև շինարարության ոլորտից հավաքագրումների թվին՝ 24 մլրդ դրամին՝ նշելով, որ շատ ծրագրեր իրականացվում են հենց այս ոլորտի աճի հաշվին:
«Արձանագրենք, որ այս ոլորտից նախկինում 0 հավաքագրումն այս տարի դարձել է 24 մլրդ, և այս 24 միլիարդն ուղղվել է տարբեր բակերի, ֆուտբոլի դաշտերի, կոյուղիների կառուցմանը, ճանապարհաշինությանը և տարատեսակ միջոցառումներին, տարատեսակ կապիտալ շինարարական աշխատանքներին, կառուցվում են թատրոններ, մշակութային տներ և այլն»,- ասաց նա՝ նշելով, որ դրանք աննախադեպ ծավալի են։
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com