Կիբեռանվտանգության իրազեկման արշավ Գյումրիում
Նոյեմբերի 28-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի մասնակցությամբ «ԹՈւՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի Գյումրու մասնաճյուղում կայացել է Կիբեռանվտանգության իրազեկման արշավի հերթական հանդիպումը։ Ներկա է գտնվել ավելի քան 150 աշակերտ Գյումրիի և հարակից ԹՈւՄՈ տուփերից:
Հանդիպումը մեկնարկել է ինտերակտիվ ձևաչափով․ աշակերտները հատուկ ծրագրի միջոցով պատասխանել են կիբեռանվտանգությանը, ֆիշինգ հարձակումներին և առցանց ռիսկերին վերաբերող հարցերին՝ հնարավորություն տալով գնահատելու թեմայի շուրջ նրանց տեղեկացվածության մակարդակը:
Հանդես գալով բանախոսությամբ` նախարար Հայրապետյանը ներկայացրել է կիբեռանվտանգության ներկա մարտահրավերները, տվյալների պաշտպանության մշակույթը, արհեստական բանականության կիրառությունների հնարավոր ռիսկերն ու առավելությունները, դիփֆեյքերի ազդեցությունը և ապատեղեկատվության դեմ պայքարի գործիքները։ Նա կարևորել է նաև թվային հմտությունների զարգացումը՝ դիտարկելով այն որպես ժամանակակից կրթության և անվտանգության անբաժան բաղադրիչ։
Այնուհետև տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ներկայացրել է առցանց հարթակներում վարքագծային կանոնները։ Իր խոսքում նա ևս անդրադարձել է տվյալների պաշտպանության, արհեստական բանականության կիրառությունների, դիփֆեյք տեխնոլոգիաների և ապատեղեկատվության թեմաներին։
Իրազեկման արշավի շրջանակում ներկայացվել են նաև կրթական համակարգում ԱԲ գործիքների դրական կիրառության օրինակներ․ մասնակիցները դիտարկել են, թե ինչպես կարելի է արհեստական բանականության միջոցով ստեղծել ուսումնական հետաքրքիր նյութեր, սցենարներ և խնդիրներ՝ ուսումը դարձնելով ավելի ինտերակտիվ, արդյունավետ և մոտիվացնող։
Հաջորդիվ ներկայացվել են ՀՏՀԳ AM-CERT-ի (Ազգային կիբեռ միջադեպերի արձագանքման թիմ) փորձագետների կողմից մշակված տեղեկատվական նյութեր, ելույթներ, ինչպես նաև անցկացվել են ինտերակտիվ քննարկումեր, գլուխկոտրուկներ և խաղեր:
Կիբեռանվտանգության իրազեկման արշավը նպատակ ունի ձևավորել ավելի պաշտպանված, գիտակցված և պատասխանատու առցանց միջավայր թե´ դպրոցականների, թե´ մեծահասակների շրջանում։ Ծրագրի ընթացքում նախատեսվում է կազմակերպել ավելի քան 20 մարզային հանդիպում ինչպես պետական հանրակրթական դպրոցներում, այնպես էլ ՔՈԱՖ և ԹՈՒՄՈ կենտրոններում ու Դիլիջանի կենտրոնական դպրոցում։
Հիշեցնենք, որ միջոցառումն իրականացվում է ՀՀ ԲՏԱ նախարարության և Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության (ՀՏՀԳ) համատեղ նախաձեռնությամբ:
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com











