Շիրակի մարզպետը խորհրդակցել է դպրոցների տնօրենների հետ
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն այսօր աշխատակազմի պատասխանատուների հետ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Շիրակի մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների և վարչատնտեսական մասի համակարգողների մասնակցությամբ։ Խորհրդակցության ընթացքում քննարկվել են կրթական հաստատությունների գործունեությանն առնչվող մի շարք հարցեր, ընդգծվել է կարգապահության, թափանցիկության և արդյունավետ կառավարման կարևորությունը։
Մարզպետը, մասնավորապես, անդրադարձել է դպրոցներում դրամահավաքության ցանկացած դրսևորման բացառման անհրաժեշտությանը՝ հստակ շեշտադրելով, որ կրթական հաստատություններում նման երևույթները անթույլատրելի են։ Նա հանձնարարել է պատասխանատուներին լինել հետևողական և ապահովել, որպեսզի դպրոցական միջավայրը զերծ մնա ֆինանսական որևէ պարտադրանքից։
«Մարտի 8-ի նվեր, ապրիլի 7-ի նվեր, ընդհանրապես, որևէ առիթով նվեր մանկավարժին տալու սովորությունն որքան էլ բոլորիս կենցաղում լսված ու երբեմն նորմալ համարվող է, ինձ համար անընդունելի է։ Խիստ պետք է արգելել նաև այն, որ ծնողներն ինքնակամ կազմակերպեն որևէ նման բան, որքան էլ դա ծնողների ազատ կամքն է, շնորհակալություն հայտնելու ձև է ներկայացվում և այլն։ Դպրոցներում դրամահավաքության որևէ դեպք չի կարող արդարացվել։ Մենք պարտավոր ենք ապահովել օրենքի գերակայությունն ու ծնողների վստահությունը կրթական համակարգի նկատմամբ»,- նշել է մարզպետը։
Խորհրդակցության ընթացքում Դավիթ Առուշանյանն անդրադարձել է նաև դպրոցներում իրականացվող աշխատանքներին՝ կարևորելով հոգատար և պատասխանատու մոտեցումը թե՛ կրթական, թե՛ վարչատնտեսական գործընթացներում։ Մարզպետը կարևորել է նաև մարզում ընթացող դպրոցաշինական ծրագրերը՝ նշելով, որ շինարարական և վերանորոգման աշխատանքները գտնվում են մշտական վերահսկողության ներքո։ Նա ընդգծել է, որ յուրաքանչյուր դպրոց պետք է լինի ապահով, բարեկարգ և սովորողների համար բարենպաստ միջավայր։ Այս ամենն հաշվի առնելով է Կառավարությունը մեկնարկել «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը, որի արդյունքում մարզում բազմաթիվ դպրոցներ են նորոգվել, հիմնանորոգվել, 12 դպրոց էլ հիմքից կառուցվել է և ընթացքի մեջ է մի քանիսի շինարարությունը։
«Մարզում իրականացվող դպրոցաշինական ծրագրերը մեր առաջնահերթություններից են։ Շինարարական բոլոր աշխատանքները գտնվում են խիստ վերահսկողության տակ, և մենք հետևողական ենք լինելու, որպեսզի դրանք իրականացվեն սահմանված ժամկետներում և որակով», – ընդգծել է Դավիթ Առուշանյանը։
Մարզպետը հորդորել է տնօրեններին լինել հետևողական բարձր դասարանների երեխաների հաճախելիությանը, ինչպես նաև մանկավարժների հետ հստակ աշխատանք տանել ատեստավորման գործընթացում առավել ակտիվորեն ընդգրկվելու համար, ինչը հնարավորություն կտա աշխատավարձերը բարձրացնել։ Դավիթ Առուշանյանն անդրադարձել է նաև դպրոցների բյուջեների ճիշտ օգտագործմանը, ավելորդ հաստիքներ բացառելուն, ինչը հնարավորություն կտա խնայողություններ անել։
«Կարևոր եմ համարում նաև այն, որ դպրոցներում ձևավորված խնայողությունների արդյունքում հնարավոր է եղել տրամադրել պարգևավճարներ։ Անցած տարեվերջին մեր դպրոցները 443 մլն դրամից ավելի պարգևավճար տվեցին 4620 աշխատակիցների։ Սա վկայում է պատասխանատու և արդյունավետ կառավարման մասին։ Եթե ֆինանսական միջոցները խելամիտ և նպատակային են օգտագործվում, ապա խնայողությունների հաշվին աշխատակիցների խրախուսումը ոչ միայն արդարացված է, այլև՝ անհրաժեշտ։ Մենք պետք է ձևավորենք այնպիսի մշակույթ, որտեղ խնայողությունը չի նշանակում որակի նվազում, այլ՝ ռեսուրսների ճիշտ բաշխում և աշխատանքի գնահատում։ Պարգևավճարները պետք է լինեն աշխատանքի արդյունքի տրամաբանական շարունակությունը՝ խրախուսելով նվիրվածությունն ու բարձր պատասխանատվությունը»,- նշել է մարզպետը։
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել համագործակցությունը՝ կրթական ոլորտում առկա խնդիրներին օպերատիվ արձագանքելու և դպրոցների բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով։
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com






