Երևանամերձ համայնքներում բնակապահովման սերտիֆիկատը կբարձրանա մինչև 4 մլն դրամ
Երևանամերձ համայնքներում բնակապահովման սերտիֆիկատը կբարձրանա մինչև 4 մլն դրամ՝ նաև նախկին շահառուների համար Կառավարությունն առաջիկայում կընդունի որոշում, ըստ որի՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում Երևանին հարակից համայնքներում յուրաքանչյուր քաղաքացուն տրամադրվող հավաստագրի արժեքը 3 մլն դրամից կբարձրանա մինչև 4 մլն դրամ։ Որոշումը կունենա նաև հետադարձ ուժ՝ տարածվելով նախկինում ստացված և տվյալ բնակավայրերում արդեն իրացված հավաստագրերի վրա։
Այս մասին «Ղարաբաղից տեղահանված հայերի սոցիալ-տնտեսական ներառման գործընթաց» խորագրով քննարկման ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով քաղաքացիներից մեկի դիտարկմանը։ Վերջինս նշել էր, որ, օրինակ, Աշտարակում տեղահանված բազմաթիվ ընտանիքներ չեն կարողանում սերտիֆիկատով բնակարան ձեռք բերել բարձր գների պատճառով և հարց էր բարձրացրել՝ հնարավոր է արդյոք այնտեղ ևս սերտիֆիկատի չափը բարձրացնել մինչև 4 մլն դրամ, ինչպես դա արվել է Էջմիածնում։ Վարչապետի խոսքով՝ հարցը քննարկվել է նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի և ՀՀ փոխվարչապետի հետ, և կառավարությունը մոտ ապագայում կկայացնի համապատասխան որոշումը։
Փաշինյանը ընդգծել է, որ փոփոխությունը չի վերաբերի Երևանին, քանի որ ծրագրի նպատակն է խթանել բնակության տեղափոխումը դեպի մարզեր։
«Նրանք, ովքեր արդեն ստացել են 3 մլն դրամի սերտիֆիկատ, այս որոշումից հետո հետադարձ ուժով կստանան նաև հավելումը։ Այսինքն՝ բոլոր շահառուների համար կապահովվի հավասարություն։ Կարծում եմ՝ առաջիկա 1-2 ամսում որոշումը կընդունվի, և այն հետադարձ ուժ կունենա»,- նշել է վարչապետը։ Նրա խոսքով՝ փոփոխությունը կտարածվի նաև Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի վրա, որտեղ նույնպես մեծ թիվ են կազմում Լեռնային Ղարաբաղից տեղահանվածները։
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com






