Նոր կարգավորում․ 16 տարեկանից՝ պարտադիր ID քարտ
Նոր կարգավորում․ 16 տարեկանից՝ պարտադիր ID քարտ ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Անձը հաստատող փաստաթղթի մասին» օրենքի և հարակից նախագծերի փաթեթին՝ այն համարելով անհետաձգելի։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի խոսքով՝ նախաձեռնության նպատակը կենսաչափական նոր համակարգի ներդրմանն համապատասխան օրենսդրական դաշտի ձևավորումն է։
Նախագծով առաջարկվում է 16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը դարձնել պարտադիր։ Միայն նույնականացման քարտ ունենալու դեպքում քաղաքացիները կկարողանան ստանալ կենսաչափական անձնագիր։ 6-16 տարեկանների համար նախատեսվում է կամավորության սկզբունքով նույնականացման քարտ ունենալու հնարավորություն, իսկ մինչև 6 տարեկանների դեպքում անձը հաստատող փաստաթուղթ կդիտարկվի ծննդյան վկայականը։
Նախատեսվում է նաև, որ բոլոր ճամփորդական փաստաթղթերը կհամապատասխանեցվեն Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) ստանդարտներին։ Ըստ նախարարի՝ նույնականացման քարտը կդառնա հիմնական փաստաթուղթ ներպետական գործառույթների համար, իսկ անձնագիրը կդիտարկվի որպես ճամփորդական փաստաթուղթ։ Փոփոխություններով կենսաչափական կդառնան նաև օտարերկրացիների, փախստականների և քաղաքացիություն չունեցող անձանց փաստաթղթերը։
Բացի այդ, կարգավորվում է պետություն-մասնավոր համագործակցության շրջանակը՝ սահմանելով, որ մասնավոր գործընկերը վարչարարական որոշումներ չի կայացնելու, իսկ գործընթացը կմնա պետության լիազորությունների շրջանակում։
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com





