Նախընտրական Հայաստան. քաղաքական ուժեր ու դեմքեր-1

Ազգային Ժողովի ընտրությունների նախընտրական քարոզարշավը բուռն ընթացքի մեջ է։

Ընտրություններին մասնակից քաղաքական ուժերը, իրենց հնարավորությունների սահմաններում, հանդիպում են ընտրողներին, ելույթների ու հարցազրույցների միջոցով ներկայացնում իրենց ծրագրերը, փորձում ընտրողներին համոզել իրենց լավագույն լիենելու ու ծրագրի առավելությունների մեջ։

Առաջադրված 19 քաղաքական ուժերը բազմազան են իրենց գաղափարական ուղղվածությամբ, ծրագրերի խայտաբղետությամբ, իրատեսական, ռոմանտիկ, անգամ ֆանտաստիկ դրույթներով ու մոտեցումներով։

Խայտաբղետ են նաեւ կուսակցությունների ու դաշինքների նախընտրական ցուցակները, դրանցում ընդգրկված անձինք։ Այդ ցուցակներում կան ինչպես քաղաքական գործունեության փորձ ունեցող գործիչներ, տարբեր ժամանակներում իշխանության մեջ եղած ու բարձր պաշտոններ ունեցած մարդիկ, այնպես էլ նոր-նոր քաղաքական գործունեության հայտ ներկայացրած մարդիկ։

Ռեֆորմիստների կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորում է Վաղարշակ Հարությունյանը։ Նա եղել է Վազգեն Սարգսյանի զինակիցը, զբաղեցրել պաշտպանության նախարարի պաշտոն, Նիկոլ Փաշինյանի վարչապետության սկզբում եղել վարչապետի խորհրդական՝ պաշտպանության գծով։ Ցուցակի երկրորդ հորիզոնականում Վահան Բաբայանն է, որը կուսակցության հիմնադիրն ու նախագահն է։ Նա ժամանակին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կազմում եղել է Ազգային Ժողովի պատգամավոր։

Ռեֆորմիստները ներկայացրել են շատ կարճ ու ամփոփ ծրագիր՝ 7 նախընտրական դրույթներով։ Ծրագրի ուշագրավ կետերից են սահմանադրական փոփոխություններով երկրի ղեկավարի կառավարման ժամկետի սահմանափակումը մեկ ժամկետով եւ առողջապահությունն ու բարձրագույն կրթությունը անվճար դարձնելը։

«Բոլորին դեմ եմ» ժողովրդավարական կուսակցությունն այս ընտրությունների քաղաքական գունապնակի յուրահատուկ գույնն է՝ թե իր մասնակիցներով, թե ներկայացրած ծրագրով։ Ցուցակը գլխավորում է Սպարտակ Կյուրեղյանը, առաջին եռյակում է Նինա Կարապետյանցը, որը հայտնի հասարակական գործիչ է, իրավապաշտպան։ Ցուցակում ընդգրկված են հիմնականում երիտասարդ մարդիկ, որոնց մեծ մասը ակտիվորեն մասնակցել է 2018 թվականի ընտրություններին, ընդունել հեղափոխության գաղափարները, սակայն հիասթափվել դրանց իրականություն չդառնալուց։ Ըստ կուսակցության առաջնորդների, իրենց գաղափարախոսությունը ծնվել է առկա քաղաքական իրավիճակից, որտեղ քաղաքացիներին մշտապես պարտադրվում է երկընտրանք։ «Բոլորին դեմ եմ» կուսակցությունը ընտրություններին մասնակցում է մեկ նպատակով․ հաջող արդյունքի դեպքում իրականացնել սահմանադրական ու քաղաքական փոփոխություններ, 100 օր հետո հրաժարական տալ, կազմակերպել նոր ընտրություններ, որին իրենց վարչապետի թեկնածուն չի մասնակցելու, իսկ կուսակցությունը գնում է լուծարման։

«Ուժեղ Հայաստան» դաշինքը միավորել է երեք կուսակցություններ՝ ռուսաստանցի գործարար Սամվել Կարապետյանի՝ վերջերս հիմնադրած «Ուժեղ Հայաստան» քաղաքական ուժը, «Նոր դարաշրջան», «Միավորված հայեր»կուսակցությունները։ Ըստ էության, դաշինքի առաջնորդը Սամվել Կարապետյանն է, թեեւ նա չկա ցուցակում, քանի որ Սահմանադրությունն ու Ընտրական օրենսգիրքը թույլ չեն տալիս։ Չնայած սրան, դաշինքի ներկայացուցիչներն հայտարարում են, որ իրենց վարչապետի թեկնածուն հենց Սամվել Կարապետյանն է։ Ավելին, Սամվել Կարապետյանն էլ է հայտարարում, որ Հայաստանի հաջորդ վարչապետը ինքն է լինելու։

«Ուժեղ Հայաստանի» ցուցակի առաջին համարում Նարեկ Կարապետյանն է՝ Սամվել Կարապետյանի եղբոր որդին։ Նրա հայրը Կարեն Կարապետյանն ՝ ՀՀԿ երեւելի գործիչներից, որը Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի իշխանության շրջանում զբաղեցրել է բարձր ու հանգուցային պաշտոններ։ Ցուցակի երկրորդ համարը Արամ Վարդեւանյանն է, որը մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանի փաստաբանն է, 2021 թվականի խորհրդարանական ընտրություններին Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի կազմում ընտրվել է ԱԺ պատգամավոր, սակայն մեկ տարի անց վայր է դրել մանդատը։ Դաշինքի կազմում կան մի շարք գործիչներ, որոնք այս կամ այն կերպ առանչություն են ունեցել Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հետ։

«Ուժեղ Հայաստան»-ը իրեն ազդարարել է որպես աջ-կենտրոնամետ աշխարհայացք ունեցող ուժ, որի նպատակն է կառուցել ազգային-քրիստոնեական արժեքներով, ազատ, ուժեղ, արտահանող եւ տնտեսական հաշվարկվող առաջնորդվող Հայաստան։ Այն դիտարկվում է որպես ընդգծված ռուսամետ ուժ։

«Շնորհապետական» կուսակցությունը նոր քաղաքական ուժ է։ Կուսակցության առաջնորդն ու ցուցակի առաջին համարը Գուրգեն Սիմոնյանն է, որը մինչ այս քաղաքական գործընթացներում չի եղել, չի մասնակցել որեւէ ընտրության։ Ցուցակի երկրորդ հորիզոնականում քաղաքական փորձառություն ունեցող գործիչ է՝ Էդվարդ Անտինյանը, որը տարբեր ժամանակներում անդամակցել է տարբեր կուսակցությունների, մասնակցել ընտրությունների։

«Շնորհապետական» կուսակցությունը դեմ է նախկին եւ ներկա իշխանություններին ու նպատակ ունի ստեղծել այնպիսի կառավարություն, որի կազմում չեն լինի նախկին կառավարությունների անդամներ։ Ինչպես հայտարարում է կուսակցության ղեկավարը, իրենք ձեւավորելու են արժանիների կառավարություն։ «Շնորհապետականը» արեւմտամետ ուժ է՝ ժողովդավարության ու մարդու իրավունքների պաշտպանության գաղափարներով, կողմ է Հայաստանի անդամակցությանը Եվրամիությանը, սերտ հարաբերությունների հաստատմանը ԱՄՆ-ի հետ։ Բնականաբար, նաեւ հայտարարում է, որ եթե իրենք հաղթեն ընտրություններում, ապա Հայաստանը դուրս կբերեն Ռուսաստանի կողմից ստեղծված միջպետական բոլոր կառույցներից։

«Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցությունը, ինչպես երեւում է անվանումից, քաղաքական նոր ուժ է, որը հիմնադրվել է 2024 թվականին՝ նպատակ ունենալով մասնակցել խորհրդարանական ընտրություններին։ Կուսակցության առաջնորդը Նիկոլ Փաշինյանի նախկին զինակից, ՔՊ անդամ, Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն է։ Ժամանակին նա տարաձայնություններ ունեցավ Փաշինյանի հետ, հրաժարական տվեց պաշտոնից եւ դուրս եկավ ՔՊ-ից։ Կուսակցության ցուցակում հիմնականում Հայկ Մարությանի համախոհներն են։

«Նոր ուժ»-ը իրեն հայտարարել է սոցիալ-դեմոկրատական ուժ, գաղափարապես մոտ է եվրոպական սոցիալ-դեմոկրատիային եւ պաշտպանում է արեւմտյան արժեքներ, կողմ է Եվրամիության եւ եվրոպական երկրների հետ ինտեգրման ծրագրերի խորացմանը, նաեւ պահպանելով բարեկամական հարաբերությունները Ռուսաստանի հետ։

«Միասնության թեւեր» կուսակցությունը եւս նորաստեղծ ուժ է, որի հիմնադիրն ու նախագահը Արման Թաթոյանն է, որը հանրությանը հայտնի գործիչ է, տարբեր ժամանակներում զբաղեցրել է բարձր պաշտոններ։ Նա առավել հանրային ճանաչում ստացավ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում։ Ցուցակի երկրորդ հորիզոնականում Դավիթ Անանյանն է, որը Նիկոլ Փաշինյանի կառավարությունում զբաղեցրել է Պետեկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնը։

Ինչպես հայտարարում են կուսակցության ներկայացուցիչները, իրենց արժեքներն ու մոտեցումները հստակ են՝ արդարություն, խաղաղություն, իրավունքի գերակայություն, թափանցիկ պետություն եւ խելամիտ որոշումներ՝ պոպուլիզմի փոխարեն։

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments