ԿԸՀ-ն ամփոփել է ԱԺ ընտրությունների նախնական արդյունքները․ խորհրդարան է անցնում 3 քաղաքական ուժ
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է հունիսի 7-ին կայացած Ազգային ժողովի ընտրությունների նախնական արդյունքները։ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը նշել է, որ հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված նախնական արդյունքները չեն ներառում էլեկտրոնային քվեարկության տվյալները, իսկ համակարգում կատարված տոկոսային հաշվարկները ներկայացվում են կլորացված տեսքով։ ԿԸՀ-ի ամփոփած տվյալներով՝ քաղաքական ուժերի միջև քվեները բաշխվել են հետևյալ կերպ․
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն – 727 828 քվե կամ 49.825%
«Ուժեղ Հայաստան» դաշինք – 340 088 քվե կամ 23.281%
«Հայաստան» դաշինք – 145 113 քվե կամ 9.934%
Նախնական արդյունքների համաձայն՝ նոր խորհրդարանում ներկայացված կլինեն երեք քաղաքական ուժեր։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել է 58 378 քվե կամ 3.996%։ Քաղաքական ուժը խորհրդարան անցնելու համար պետք է հաղթահարեր 4 տոկոսի ընտրական շեմը։ ԿԸՀ-ի փոխանցմամբ՝ քվեարկության արդյունքների վերահաշվարկի դիմում կարող են ներկայացնել ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուները, վստահված անձինք և տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամները։ Վերահաշվարկի դիմումները համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով կարող են ներկայացվել հունիսի 8-ին՝ ժամը 12:00-18:00-ն, ինչպես նաև հունիսի 9-ին՝ ժամը 09:00-11:00-ն։
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com






