Ընտրական իրավունքի սահմանափակման նախագծերը պետք է հանրային քննարկման առարկա դառնան

ՄԻՊՄարդու իրավունքների պաշտպանը անդրադարձել է ընտրելու և հանրաքվեին մասնակցելու իրավունքի սահմանափակմանն առնչվող օրենսդրական նախաձեռնություններին՝ նշելով, որ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գործող մի շարք դերակատարներ մտահոգություններ ունեն առաջարկվող կարգավորումների՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության վերաբերյալ։

Պաշտպանի տարածած հաղորդագրության համաձայն՝ թեև միջազգային փաստաթղթերով պետություններին վերապահված է ընտրական և հանրաքվեի իրավունքի շրջանակը սահմանելու որոշակի հայեցողություն, այնուամենայնիվ, առաջարկվող փոփոխությունները կարող են ունենալ մարդու իրավունքների պաշտպանության համակարգի վրա ազդեցություն։

«Նկատի ունենալով, որ իրավունքների սահմանափակմանն առնչվող ցանկացած նախաձեռնություն ազդեցություն է ունենում մարդու իրավունքների ընդհանուր համակարգի տեսանկյունից՝ Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է, որպեսզի նախագծերի առնչությամբ իրականացվեն հանրային քննարկումներ շահագրգիռ դերակատարների մասնակցությամբ»,– նշված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ ներկայում քննարկման փուլում են Ընտրական օրենսգրքում և «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխությունների նախագծերը։ Դրանցով առաջարկվում է ընտրելու և հանրաքվեին մասնակցելու իրավունքը պայմանավորել Հայաստանում փաստացի բնակվելու պահանջով։

Նախագծի համաձայն՝ ընտրելու իրավունք ունենալու համար քաղաքացին վերջին երկու տարվա ընթացքում պետք է առնվազն 366 օր փաստացի բնակված լինի Հայաստանի Հանրապետությունում։

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments