ՀՀ–ՌԴ հարաբերությունները չպետք է լինեն բացառիկ, բայց պետք է պահպանվեն․ Փաշինյան

Հայաստանը որոշել է ընդլայնել իր արտաքին քաղաքական գործընկերների շրջանակը և ունենալ այլընտրանքներ։ Այդ մասին ճեպազրույցի ընթացքում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հայ-ռուսական հարաբերությունների և Հայաստանի քաղաքական կողմնորոշման վերաբերյալ հարցին։

Վարչապետի խոսքով՝ նախկինում Հայաստանը չուներ այնքան լայն գործընկերային հնարավորություններ, որքան այսօր։ Նա նշել է, որ Հայաստանը ռազմավարական հարաբերությունների վերաբերյալ փաստաթղթեր է ստորագրել Չինաստանի, Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի, Նիդերլանդների, Ֆրանսիայի և այլ պետությունների հետ։

Ըստ Փաշինյանի՝ Ռուսաստանը կարող է խնդիր տեսնել Հայաստանի՝ այլ գործընկերների հետ հարաբերություններ զարգացնելու քաղաքականության մեջ, քանի որ այդ մոտեցման հիմքում հաճախ առկա է հարաբերությունների բացառիկության ակնկալիքը։

Նա ընդգծել է, որ Հայաստանը չի ընդունում այն մոտեցումը, ըստ որի՝ հարաբերությունները կամ պետք է լինեն բացառիկ, կամ ընդհանրապես չպետք է լինեն։

«Մենք ասում ենք՝ հարաբերությունները բացառիկ չեն, բայց հարաբերություններ պետք է լինեն։ Սա լեգիտիմ դիրքորոշում է»,- նշել է վարչապետը։

Անդրադառնալով այն դիտարկմանը, թե Հայաստանը կարող էր Ռուսաստանին առիթ տալ կասկածելու իր գործընկերային հուսալիությանը՝ Փաշինյանը հարց է բարձրացրել, թե ինչու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը չի կատարել իր գործառույթները 2020 և 2022 թվականներին, երբ Հայաստանը, ըստ նրա, հավատարիմ էր իր ստանձնած պարտավորություններին։

Վարչապետը հիշատակել է նաև Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների գործունեությունը՝ նշելով, որ նրանք նույնպես չեն կատարել իրենց գործառույթները։

Փաշինյանի խոսքով՝ սխալ է մշտապես ելնել այն կանխավարկածից, որ հարաբերություններում առաջացած խնդիրների համար պարտադիր Հայաստանը պետք է մեղավոր լինի։ Նա անդրադարձել է նաև Բելառուսի նախագահի՝ Հայաստանի վերաբերյալ նախկին հայտարարությանը՝ անընդունելի համարելով ինքնիշխան պետության մասին նման ձևակերպումները։

Վարչապետը հայտարարել է, որ Հայաստանն այսօր անհրաժեշտ և կարևոր գործընկեր է Չինաստանի, ԱՄՆ-ի, Եվրոպական միության, Իրանի, Վրաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Լեհաստանի, Մեծ Բրիտանիայի և այլ երկրների համար, ինչպես այդ պետություններն են կարևոր Հայաստանի համար։

Անդրադառնալով Եվրասիական տնտեսական միության չորս երկրների ղեկավարների՝ մայիսի 29-ի հայտարարությանը՝ Փաշինյանը նշել է, որ հարգանքով է վերաբերվում Հայաստանում ԵՄ անդամակցության հարցով հանրաքվե անցկացնելու գաղափարին նրանց ցուցաբերած աջակցությանը, սակայն այս պահին հանրաքվեի առարկան դեռևս գոյություն չունի։

Նրա խոսքով՝ նման հարցով հանրաքվե անցկացնելու համար Հայաստանը պետք է առնվազն ԵՄ անդամակցության հայտ ներկայացրած լինի։ Առավել տրամաբանական կլինի հանրաքվեն կազմակերպել այն դեպքում, երբ Հայաստանը ստանա անդամության թեկնածուի կարգավիճակ, կամ այդ հարցը պաշտոնապես ներառվի օրակարգում։

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments