65 տարեկանի սահմանափակումը վերացվում է․ մի շարք պաշտոններում այլևս տարիքային շեմ չի գործի

Այսօրվանից ուժի մեջ է մտնում մի շարք պաշտոններ զբաղեցնելու համար գործող առավելագույն տարիքի՝ 65 տարեկանի շեմի վերացման կարգավորումը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

«Մասնավորապես, փոփոխությունը վերաբերում է քաղաքացիական, մաքսային, հարկային և համայնքային ծառայության, Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության պաշտոններին, վարչական պաշտոն զբաղեցնող աշխատակազմի ղեկավարներին, պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմինների ղեկավարներին, մասնագիտական ուսումնական հաստատությունների տնօրեններին, ինչպես նաև անձնական տվյալների պաշտպանության լիազորված մարմնի ղեկավարի պաշտոնին։

Նոր կարգավորմամբ՝ վերոնշյալ պաշտոններում աշխատանքային գործունեությունը շարունակելու հնարավորությունն այլևս չի պայմանավորվի անձի՝ որոշակի տարիքի հասնելու հանգամանքով։

Միաժամանակ, «Հանրային ծառայության մասին», «Համայնքային ծառայության մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» և «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքներում կստեղծվեն իրավական հիմքեր, որոնք հանրային, համայնքային ու քաղաքացիական ծառայողներին, ինչպես նաև պետական կազմակերպությունների գործադիր մարմինների ղեկավարներին հնարավորություն կտան դառնալ խնամատար ծնող և երեխայի խնամքն իրականացնելու համար ստանալ վարձատրություն»,- ասվում է հաղորդագրությունում։

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments