ՀՀ-ն թևակոխում է «Չորրորդ Հանրապետության» փուլ․ Կառավարությունը հավանություն է տվել 2026-2031 թթ. ծրագրին
ՀՀ Կառավարությունը հավանություն է տվել 2026-2031 թվականների հնգամյա ծրագրին, որը կներկայացվի Ազգային ժողով։ Ծրագիրը հիմնված է «Իրական Հայաստանի» գաղափարախոսության, 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի և Հայաստանի տնտեսական ու ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինի վրա։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ընտրությունների արդյունքներով «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը դարձել է պետական քաղաքականության հիմք, իսկ Հայաստանը թևակոխում է իր պատմության այն փուլը, որը նա անվանում է «Չորրորդ Հանրապետություն»։
«Երրորդ Հանրապետությունը հիմնադրվել է կոնֆլիկտի, հակամարտության տրամաբանությամբ։ Չորրորդ Հանրապետությունը ձևավորվում է խաղաղության տրամաբանությամբ»,- նշել է վարչապետը՝ ընդգծելով, որ փոփոխությունը վերաբերում է նաև պետության գործառույթի և առաքելության ընկալմանը։
Կառավարության ծրագրով նախատեսվում է նոր թափ հաղորդել ժողովրդավարական, հակակոռուպցիոն, տնտեսական և հանրային կառավարման բարեփոխումներին։ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի առաջընթացը պետք է չափելի լինի նաև միջազգային հեղինակավոր վարկանիշներում։
Ծրագրի շրջանակում նախատեսվում են նաև երեք նախարարությունների անվանափոխություններ։
Արտաքին գործերի նախարարությունն առաջարկվում է վերանվանել Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարություն։ Ըստ վարչապետի՝ խաղաղության նոր միջավայրում արտաքին քաղաքական կառույցների աշխատանքում ավելի մեծ տեղ պետք է հատկացվի միջազգային տնտեսական հարաբերությունների զարգացմանը։
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն առաջարկվում է վերանվանել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարություն։ Նախարարությունում նախատեսվում է ձևավորել նաև ԱԲ գրասենյակ։ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանում արդեն գործում են երեք սուպերհամակարգչային կենտրոններ, որոնցից երկուսը ԱԲ գործարաններ են։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն էլ առաջարկվում է վերանվանել Աշխատանքի և բարեկեցության նախարարություն։ Վարչապետի խոսքով՝ աշխատանքը պետք է դիտարկվի որպես բարեկեցության ապահովման հիմնական գործիք։
Կառավարության ծրագրում անդրադարձ կա նաև առողջապահության, կրթության և սոցիալական ոլորտների բարեփոխումներին։
«Այս ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է ունենալ նոր որակի պետություն և ապահովել պետության վերելքը։ Հայաստանի Հանրապետությունն այսպիսով թևակոխում է իր պատմության այն փուլը, որն անվանում ենք Չորրորդ Հանրապետություն»,- ամփոփել է Նիկոլ Փաշինյանը։
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com






