🇦🇲 Հայերենի պետական կարգավիճակն առաջարկվում է դարձնել անփոփոխելի
Նոր Սահմանադրության նախագծում պահպանվել է «Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է» ձևակերպումը։ Առաջարկվող հիմնական փոփոխությունն այս դրույթն անփոփոխելի դարձնելն է։
Ի՞նչ տարբերություն կա գործող կարգավորումից։
Գործող Սահմանադրության 20-րդ հոդվածը սահմանում է հայերենի պետական կարգավիճակը, սակայն այն ներառված չէ փոփոխման ոչ ենթակա հոդվածների ցանկում։ Նոր նախագծի 78-րդ հոդվածով առաջարկվում է այդ պաշտպանությունը տարածել պետական լեզվի մասին դրույթի՝ 12-րդ հոդվածի 1-ին մասի վրա։
Նախագծում մեկ հոդվածում են միավորվել նաև լեզվին, կրթությանը, գիտությանը և մշակույթին վերաբերող դրույթները։ Պահպանվել է լեզվի ու մշակութային ժառանգության նկատմամբ պետության հոգածության և պաշտպանության սկզբունքը։
Այսպիսով՝ առաջարկի առանցքը հայերենին նոր կարգավիճակ տալը չէ․ այն արդեն պետական լեզու է։ Փոփոխությունն ուղղված է այդ կարգավիճակի սահմանադրական պաշտպանության ամրապնդմանը։
Խոսքը նախագծի մասին է․ առաջարկվող փոփոխությունը դեռ ուժի մեջ չի մտել։
#DMC #Հայերեն #Սահմանադրություն #ՊետականԼեզու #Հայաստան
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com






