Զինվորներին համոզել են, որ սա «պայմանավորված պատերազմ է» և ստիպել որոշ մարտական դիրքեր թողնել թշնամուն. ԱԱԾ-ում հետաքննություն է սկսվել Փաշինյանին արված ահազանգի հիման վրա
ԱԱԾ-ում հետաքննություն է սկսվել Փաշինյանին արված ահազանգի հիման վրա
Ազգային անվտանգության ծառայությունում (ԱԱԾ) հետաքննություն է սկսվել վարչապետ Նիկոլ Փաշինյանին արված ահազանգի հիման վրա։ Փաշինյանը Ֆեյսբուքում գրել է` իրեն ահազանգել են, որ առաջնագծի հատվածներից մեկում ինչ-որ մարդիկ գնացել կռվող զինվորներին համոզել են, թե «Նիկոլը հողերը ծախել է, թե սա իրականում պայմանավորված պատերազմ է, ձեզ էստեղ բերել-մսաղացի մեջ են գցել, որ կոտորեն, որ պայմանավորվածությունը չերեւա, դիրքերը պահելը իմաստ չունի»:Վարչապետը նշել է, որ ըստ որոշ տեղեկությունների՝ զինվորներին համոզելով, նույնիսկ հրամայելով ստիպել են որոշ մարտական դիրքեր թողնել թշնամուն:«Իմ հանձնարարությամբ ԱԱԾ-ում սկսվել է հետաքննություն և գործող գլխավոր անձանցից մեկը, որ Ստեփանակերտի բնակիչ է, հայտնաբերվել և ձերբակալվել է Երևանում: Հարուցված քրեական գործի շրջանակներում տեղի է ունենում քննություն, որի արդյունքում կպարզվի, թե վերը նշված տեղեկություններից որն է իրական, որը մտացածին: Այս պահին քննվում են տարբեր վարկածներ, ներառյալ քաղաքական ուղղորդման վարկածը, բայց դեռևս շատ բան պարզված չէ: Մեր այն հայրենակիցներին, ովքեր ունեն համանման տեղեկություններ, կոչ եմ անում դիմել Ազգային անվտանգության ծառայություն», – գրել է Փաշինյանը՝ եզրափակելով․ – «Դավաճանները չպետք է տեղ ունենան մեր շարքերում և մեր հերոսական գեներալների, սպաների, զինվորների, կամավորների, ազատամարտիկների թիկունքը պետք է մաքրել համանման տարրերից։ Ու հաղթանակը հայ ժողովրդինն է լինելու»։
Աղբյուր՝ https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2773496969637347
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com