Կանխել ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի կողմից Ղարաբաղյան հակամարտության ռազմական էսկալացիային ուղղված գործողությունները. դիմում

1949 թ․ ընդունված Հյուսիսանտլանտյան դաշնագրի հիման վրա ստեղծված Դաշինքի նպատակն է երաշխավորել իր անդամների ազատությունն ու անվտանգությունը քաղաքական և ռազմական միջոցներով:

Դաշինքը ստեղծվել է հավաքական պաշտպանության, խաղաղության ու անվտանգության պաշտպանության նպատակով՝ ՄԱԿ-ի կանոնադրության նպատակների ու սկզբունքների նկատմամբ հանձնառության հաստատմամբ։ Դաշնագրի ներքո անդամ պետությունները, այդ թվում 1951թ․ միացած Թուրքիան պարտավորվել են ցանկացած միջազգային հակամարտություն լուծել խաղաղ ճանապարհով և իրենց միջազգային հարաբերություններում զերծ մնալ սպառնալիքների կամ ուժի այնպիսի կիրառումից, որը հակասում է Միացյալ ազգերի նպատակին: Դաշինքը խթանում է ժողովրդավարական արժեքները և հնարավորություն է տալիս անդամներին խորհրդակցել և համագործակցել պաշտպանության և անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ, լուծել խնդիրներ, ձևավորել վստահություն և երկարաժամկետ հեռանկարում կանխել հակամարտությունները: Դաշինքի անդամ երկրների համար առանցքային է համարվում ժողովրդավարությունը, ազատությունը և օրենքի գերակայությունը։

2020թ․ իրականությունը տարբերվում է դաշնագրի մշակման և փոփոխությունների ժամանակաշրջանի ռիսկերի և դերակատարների առումով, սակայն վերոնշյալ սկզբունքներն այնուամենայնիվ պետք է անփոփոխ լինեն։

Եվրոպական մայրցամաքում հաճախ ուղիղ ռազմական վտանգին փոխարինում է տեղեկատվական պատերազմի վտանգը, ինչի ուղղությամբ դեռևս պատշաճ գործողություններ չեն իրականացվում։ Միևնույն ժամանակ իրական ռազմաքաղաքական սպառնալիքները տեղափոխվել են Միջին Արևելք և դեպի Կենտրոնական Ասիա։ Այս տարածաշրջանների գրեթե բոլոր հակամարտություններում առանցքային դերակատար է Թուրքիան, որն ուղղակի ռազմական միջամտությամբ սրում է իրավիճակը մասնավորապես Լիբիայում, Սիրիայում, Կիպրոսում, իսկ այժմ նաև Լեռնային Ղարաբաղում։

Ըստ անկախ հետաքննությունների, Թուրքիան Սիրիայից և Լիբիայից Ադրբեջան է ուղարկել հազարավոր վարձկան ահաբեկիչների, որոնք ուղղակիորեն մասնակցում են էթնիկ հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական գործողություններին։ Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության երաշխավորը։ Միևնույն ժամանակ Հայաստանի Հանրապետությունը կատարում է իր պարտավորությունները Հյուսիսատլանտյան դաշինքի նկատմամբ՝ մասնակցելով Աֆղանստանում խաղաղապահ առաքելությանը, մինչ Դաշինքի անդամ պետությունը ահաբեկիչների է հավաքագրում և օգտագործում Լեռնային Ղարաբաղի դեմ՝ խրախուսելով ահաբեկչության տարածումը և առավել ապակայունացնելով իրավիճակը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ոչ միայն ռազմական և քաղաքական աջակցություն է տրամադրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին 2020 սեպտեմբերի 27-ին Լեռնային Ղարաբաղի նկատմամբ լայնածավալ հարձակման համար, այլ նաև պատերազմի ընթացքում քննադատել և խոչընդոտել է Ղարաբաղյան հակամարտությամբ խաղաղ կարգավորմամբ զբաղվող միակ միջազգայնորեն ճանաչված ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը՝ հայտարարելով, որ զինադադարի կոչերն անընդունելի են։[1] Պատերազմի անցած երկու շաբաթների ընթացքում ամեն օր ադրբեջանական ռազմական բեռնատար օդանավերը թռիչքներ են կատարել դեպի Թուրքիա։ Թուրքիայի միջամտությունը հանգեցրել է զոհերի և տուժածների նաև խաղաղ բնակչության շրջանում։

Դրանով հանդերձ Թուրքիայի վարչակազմն իր անթաքույց ագրեսիվ գործողություններով ոչ միայն նպաստում է Ադրբեջանի ավտորիտար վարչակազմի ռազմական ագրեսիային, այլև ձգտում է դառնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող։ Սա ոչ թե ուղղակի միջազգային այդ մեխանիզմի կարգավիճակի և ձևաչափի փոփոխություն է ենթադրում, այլև վտանգի տակ է դնում ԵԱՀԿ Մինսկի խմբի  հիմնարար սկզբունքներից մեկը, որ հակամարտությունը կարող է լուծվել միայն խաղաղ ճանապարհով։

2020 հոկտեմբերի 12-ին թուրքական Հաբեր հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ հիմնավորելով, թե ինչու Թուրքիան պետք է ավելի ակտիվ դեր ունենա, ասել է, որ՝  «Այսօր Թուրքիան ուժային կենտրոն է ոչ միայն տարածաշրջանում, այլև համաշխարհային մասշտաբով: Արևմուտքում շատերը չեն ցանկանում դա ընդունել, դա նրանց զայրացնում է: Նրանք սովոր են նրան, որ, ցավոք, անցյալ դարում, երբեմն նրանց խոսքերը բարձր արժեք ունեին թուրքական քաղաքականության մեջ: Բայց այսօր Թուրքիան բացարձակապես անկախ քաղաքականություն է վարում և դարձել է համաշխարհային մասշտաբի ուժ: Առանց Թուրքիայի ո՞ր հարցն է լուծվում մեր տարածաշրջանում: Տեսեք, Թուրքիան իր խոսքն է ասում Սիրիայում, Լիբիայում, Մերձավոր Արևելքում, մեր տարածաշրջանում, և սա իրականություն է: Նրա հետ պետք է հաշվի նստել»:[2]

Այս հայտարարությունն ուղղակիորեն վկայում է այն մասին, որ Թուրքիան տարածաշրջանում իր քաղաքականությունը վարում է միայն սեփական շահերի, այլ ոչ թե Դաշնագրում ամրագրված սկզբունքների առաջմղման կամ մյուս անդամ պետությունների հետ փոխօգնության ոգով։ Նման քաղաքականության շարունակումը կհանգեցնի ոչ միայն ՆԱՏՕ-ի որպես անվտանգության և խաղաղության երաշխավոր կազմակերպության  հեղինակազրկմանը տարածաշրջանում, այլև ահաբեկչության տարածմանը Կովկասում՝ խորացնելով հումանիտար աղետը։

Ելնելով վերոգրյալից՝ հորդորում ենք․

📌Հրատապ միջոցներ ձեռնարկել կանխելու Թուրքիայի կողմից Ղարաբաղյան հակամարտության ռազմական էսկալացիայի շարունակությանն ուղղված խրախուսող հռետորաբանությունը, գործնական քայլերը և անմիջական ներգրավվածությունը,

📌Հետաքննել Թուրքիայի միջամտության իրավաչափությունը տարածաշրջանի հակամարտություններում և նրա գործողությունների համատեղելիությունը Դաշինքի սկզբունքների հետ՝ տալով ռազմաքաղաքական գնահատական,

📌Կիրառել պատժամիջոցներ և հստակ արգելանքներ՝ բացառելու այդ միջամտության շարունակականությունը,

📌Վերանայել Հյուսիսատլանտյան դաշնագրի իրավասության տարածքը՝ ապահովելով սկզբունքների և պաշտպանության մեխանիզմների տարածումը երրորդ երկրներում անդամ պետությունների միջամտության դեպքերի համար,

📌Նախատեսել սկզբունքներ և մեխանիզմներ՝ հետագայում կանխելու ՆԱՏՕ-ի կանոնադրության և հիմնարար սկզբունքները ոտնահարող անդամ պետության ոչ իրավաչափ գործունեությունը, պատժամիջոցներ կիրառելու նման գործունեության իրականցման դեպքում, ապահովելու տուժած երրորդ կողմերի հետ արդյունավետ համագործակցությունը և խախտված իրավունքների վերականգնումը։

Աղբյուր՝

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments