Ու՞ր է գնալու Հայաստանը

Մի քանի օր է մնացել, որ պարզվի, թե ինչպիսին է լինելու Հայաստանի ապագան առաջիկա հինգ տարիներին։ Պարզվելու է, թե որ ուղղությամբ է գնալու երկիրը, ինչ քաղաքական-տնտեսական համակարգ է ունենալու ու ինչ է սպասվելու Հայաստանի քաղաքացիներին, որոնք մեկ ամիս շարունակ հետեւեցին նախընտրական քարոզարշավ կոչվող թատրոնին, որը տեղ-տեղ հիշեցնում էր կրկեսը։

Որքան Հայաստանում ընթացող նախընտրական քարոզարշավը մոտենում է եզրագծին, այնքան առավել ընդգծված է երեւում ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի դիրքավորումը այս կամ այն դաշտում, առանձին կուսակցությունների՝ ընտրություններին մասնակցելու ներքին դրդապատճառները եւ ուղղակի կամ անուղղակի աղերսներն ավելի մեծ ու հիմնական ուժերի հետ։

Այդ բաշխվածության պատկերն առանձնակի ճշգրտությամբ է իր դրսեւորումը գտնում տարբեր ձեւաչափերով կազմակերպվող նախընտրական բանավեճերի ժամանակ, չնայած այն հանգամանքին, որ դրանք, այսպես ասած, աչքի են ընկնում շատ ցածր որակով, ավելի ճիշտ՝ անորակությամբ։ Խոսքը վերաբերում է ոչ թե բանավեճերի կազմակերպման որակին, այլ մասնակիցների ելույթային ու բանավիճային մակարդակին։

Ընտրություններին մասնակից 18 քաղաքական ուժերին (ի սկզբանե գրանցված 19 կուսակցություններից մնացել է 18-ը, քանի որ <Ալյանսը> դուրս է եկել պայքարից) կարելի է դասակարգել մի քանի սկզբունքներով․ աշխարհաքաղաքական դիրքավորում (արեմտամետ-ռուսամետ), իշխանական-ընդդիմադիր եւ այլն։

Իշխանական դաշտում գործող ու իշխող <Քաղաքացիական պայմանագիր> կուսակցության հետ գաղափարական-աշխարհայացքային ընդհանրություններ ունեցող  ու հաշտ քաղաքական ուժերն հիմնականում երեքն են՝ <Հանրապետություն>, <Հանուն հանրապետության> եւ <Քրիստոնեա-ժողովրդավարական> կուսակցությունները։

Այս երեք կուսակցություններն էլ գործում են արեւմտամետ դաշտում, դեմ են Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերություններին, հանդես են գալիս Հայաստանի՝ Ռուսաստանի գլխավորությամբ գործող միջպետական կառույցներից դուրս գալու օգտին։

Հատկանշական է, որ այս իշխանամերձ կուսակցություններն հայտարարում են ոչ այնքան իշխանության գալու, որքան խորհրդարանում ընդդիմության տեղերը գրավելու մասին ՝ նպատակ ունենալով այդկերպ մաքրելու քաղաքական դաշտը։ Ուշադրության է արժանի նաեւ այն հանգամանքը, որ տարբեր սոցհարցումների համաձայն, այս ուժերը խնդիրներ ունեն խորհրդարան մուտք գործելու անցողիկ շեմը հաղթահարելու հարցում, չնայած, օրինակ, <Հանրապետության> ցուցանիշները մոտ են գտնվում այդ չորս տոկոսանոց շեմին։ Հիշենք, որ նախորդ ընտրություններում այս կուսակցությանը շատ քիչ ձայներ պակասեց այդ շեմը հաղթահարելու համար։

Ի տարբերություն այս երեք ուժերի, իշխող <Քաղաքացիական պայմանագիր> կուսակցությունը չի անդրադառնում արեւմտամետ-ռուսամետ լինելու խոսույթին, չնայած հայտարարել է Եվրամիությանը անդամակցելու գործընթաց սկսելու մտադրության մասին։

Սրանով հանդերձ, կուսակցության առանձին գործիչներ ժամանակ առ ժամանակ կոշտ արտահայտություններ են անում Ռուսաստանի հասցեին՝ հայտարարելով, թե անհրաժեշտություն կա թուլացնել կախվածությունն այդ երկրից եւ առաջնային դարձնել հավասարակշռված ու հավասարակշռման արտաքին քաղաքականությունը։

Սոցհարցումների համաձայն, <Քաղաքացիական պայմանագիր> կուսակցությունը մնում է ընտրությունների առաջատարը, սակայն խնդիրն այն է, թե քվեների ինչպիսի համամասնություն կունենա այն, ինչից էլ կախված կլինի ինչպես իշխանություն ձեւավորելու հնարավորությունը, այնպես էլ ինչ աստիճանի մեծամասնություն լինելու կարեւորագույն հարցը։

Ընդդիմադիր դաշտի առաջատար ուժերը երեքն են՝ <Ուժեղ Հայաստան>, <Բարգավաճ Հայաստան> կուսակցություններն ու <Հայաստան> դաշինքը։ Միաժամանակ հենց այս երեք ուժերն էլ հանդիսանում են ընդգծված ռուսամետ կուսակցություններ։ Այնքան ընդգծված, որ որոշ քաղաքական վերլուծաբաններ այդ ուժերին անվանում են ոչ թե ռուսամետ, այլ ուղղակի ռուսական։

Նկատելի է, որ այս երեք ուժերը նախընտրական բանավեճերի ժամանակ հանդես են գալիս մեկ միասնական գծի մեջ եւ շատ դեպքերում դժվար է տարբերակել հանգուցային շատ հարցերի շուրջ նրանց ասելիքն ու դիրքորոշումը։ Օրինակ, Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի մասին երեք ուժն էլ առաջ է քաշում միջազգային երաշխավորների հարցը, ի տարբերություն իշխանական ու իշխանամերձ ուժերի, որոնք ասում են, թե հարեւանների հետ հարցերը պետք է լուծվեն դեմ առ դեմ, անմիջական շփումներով՝ առանց միջնորդների ու երաշխավորների։

Օրերս, ընտրակաշառքների հերթական ձայնագրություններից մեկի մեջ, խոսք էր գնում այն մասին, թե խորհրդարան անցնելու դեպքում այս երեք ռուսամետ կուսակցությունները կկազմեն կոալիցիա, միակ խնդիրը մնում է միասնական առաջնորդին որոշելու հարցը։ Սա, իհարկե, այն դեպքում, եթե այս երեք ուժերը միասնական իշխանություն  ձեւավորելու համար անհրաժեշտ ձայների քանակ ստանան։

Հիշեցնենք, որ <Ուժեղ Հայաստան> կուսակցությունը, որը, ըստ սոցհարցումների, այս դաշտի ուժերի շարքում առաջատարն է, իր վարչապետի թեկնածու համարում է Սամվել Կարապետյանին, չնայած վերջինս չկա նախընտրական ցուցակում։ <Հայաստան> դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է, իսկ <Բարգավաճ Հայաստան> կուսակցությունն ընդհանրապես մինչ օրս չի հայտարարել, թե ով է իր վարչապետի թեկնածուն։

Ամենայն հավանականությամբ, այս երեք ուժերից <Ուժեղ Հայաստանը> վստահորեն մուտք կգործի խորհրդարան։ Խնդիրն այն է, թե ինչ քանակի տեղեր կունենա։ <Հայաստան> դաշինքին խորհրդարան մուտք գործելու համար անհրաժեշտ է հավաքել 8 տոկոս, որը ինչ-որ տեղ կարող է խնդրահարույց լինել։ ԲՀԿ-ին անհրաժեշտ է 4 տոկոս, ինչի հնարավորությունը այս կուսակցությունը, թերեւս, ունի։

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

 

 

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments