Արցախցի կանայք բողոքի ակցիա են իրականացրել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև
Արցախցի կանայք երեխաների հետ միասին ակցիա են իրականացրել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև՝ պահանջելով կանգնեցնել պատերազմը և բարձրաձայնել այն բոլոր հանցագործությունները, որոնք իրականացվում են Արցախում Թուրքիայի և Ադրբեջանի կողմից:Ակցիայի մասնակիցները պահանջել են, որպեսզի ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մշտական համակարգող Շոմբի Շարփի հետ հանդիպեն, որպեսզի լսելի դարձնեն Արցախում թուրք-ադրբեջանա-ահաբեկչական ագրեսիայի մասին։«Դուրս եկեք» վանկարկումներով արցախցի կանայք ու երեխաները դիմել են գրասենյակի անձնակազմին՝ հանդիպման ակնկալիքով, սակայն դեռևս որևէ արձագանք չեն ստացել: «Մեր ակնկալիքն այն է, որ այս պահին ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցիչը իջնի և հանդիպի մեզ հետ, որպեսզի լսելի դարձնենք մեր ձայնը ամբողջ աշխարհին»: Արդյունքում ակցիայի մասնակիցներից 4 կնոջ հրավիրվել են գրասենյակ: Քիչ հետո դուրս գալով գրասենյակից՝ նրանք նշել են, որ ՄԱԿ-ում հայաստանյան ներկայացուցիչ Շոմբի Շարփը տեղում չի եղել, և նրա հետ հանդիպումը տեղի է ունենալու ավելի ուշ՝ 17:00-ին: «Չենք ցրվելու, սպասելու ենք, պետք լինի՝ 15 օր ենք սպասելու, որովհետև գնալու տեղ չունենք, մեր հարազատները նկուղներում են, առաջնագծում են: Մենք մեր պահանջը նամակի տեսքով ձևակերպելու ենք, և ակցիայի մասնակցիները ստորագրելու են»:Կանայք նշել են նաև, որ պահանջել են ՄԱԿ-ում հայաստանյան ներկայացուցչին հրավիրել Արցախ, որպեսզի վերջինս անձամբ արձանագրի Արցախում կատարվածը և ներկայացնի միջազգային հանրությանը:

© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com