Անհրաժեշտ է էականորեն արագացնել հակամարտության քաղաքական կարգավորման ջանքերը. Լավրով
Ռուսաստանի արտգործնախարարը հույս է հայտնել, որ Հայաստանն ու Ադրբեջանը շուտով կհամաձայնեցնեն Ղարաբաղում հրադադարի վերահսկման մեխանիզմը:«Մոսկվան շփումների մեջ է Հայաստանի և Ադրբեջանի հետ այդ հարցի շուրջ», – այսօր հայտարարել է Սերգեյ Լավրովը։«Այժմ ամենակարևորը, որը թերևս մեծ ջանքեր չի պահանջում, ռազմական հռետորաբանության դադարեցումն է՝ ոչ միայն կողմերի միջև, այլև՝ միջազգային դերակատարների։ Երկրորդ՝ ծայրաստիճան անհրաժեշտ է դադարեցնել ռազմական գործողությունները, հարվածները քաղաքացիական բնակավայրերի վրա, ինչը արտացոլված է և՛ Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի նախագահների հայտարարության մեջ, և՛ Մոսկովյան փաստաթղթում, որը Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարը համաձայնեցրել էին մեր աջակցությամբ հոկտեմբերի 10-ին, և՛ երեկ համաձայնեցված փաստաթղթում», – ասել է Ռուսաստանի արտգործնախարարը։Թղթի վրա մնացած այդ համաձայնությունները ցույց են տալիս՝ որպեսզի հրադադարը աշխատի, անհրաժեշտ է հրադադարի վերահսկման մեխանիզմ ստեղծել։ «Դրա վրա մենք ակտիվ աշխատում ենք, նախ և առաջ՝ մեր Պաշտպանության նախարարությունը՝ հայ և ադրբեջանցի գործընկերների հետ։ Հույս ունեմ, որ մոտ ապագայում այդպիսի մեխանիզմը կհամաձայնեցվի», – ասել է ՌԴ արտգործնախարարը։Լավրովը միաժամանակ ընդգծել է՝ հրադադարից բացի անհրաժեշտ է նաև էականորեն արագացնել ջանքերը խնդրի քաղաքական կարգավորման շուրջ։

© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com