ԼՂ-ում հակամարտության սրումը նպաստում է կորոնավիրուսի տարածման տեմպերի աճին. ԱՀԿ-ն հայտարարություն է տարածել
Առղջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Հանս Կլյուգենը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Լեռնային Ղարաբաղում և հարակից շրջաններում հակամարտության սրումը նպաստում է տարածաշրջանում կորոնավիրուսի և դրա հարուցած հիվանդությունների տարածման կտրուկ աճին։
«Սեպտեմբերի վերջից Լեռնային Ղարաբաղում սկսված բռնության հետևանքով տեղահանվել են տասնյակ հազարավոր քաղաքացիներ, հարյուրավոր մարդիկ վիրավորվել են, շատերը՝ մահացել: ԱՀԿ-ն խորապես ցավում է հակամարտությունից տուժած յուրաքանչյուր ընտանիքի և յուրաքանչյուր բնակչի համար։ Ռազմական գործողություններն արդեն իրենց ազդեցությունն են ունենում COVID-19-ի տարածման կտրուկ աճի վրա։ Բռնության շարունակությունն ու դրան հաջորդող տեղաշարժերը է՛լ ավելի կխորացնեն առողջապահության ոլորտում առանց այդ էլ վտանգավոր իրավիճակը:
Ռազմական գործողությունները հանգեցնում են բնակչությանը բժշկական օգնություն տրամադրելու խափանումների, լրացուցիչ ծանրաբեռնվածություն են առաջացնում արդեն իսկ ծանրաբեռնված առողջապահական համակարգի վրա»,- ասված է հայտարարության մեջ։
ԱՀԿ-ն կոչ է անում հակամարտության բոլոր կողմերին պաշտպանել քաղաքացիական անձանց, չթիրախավորել բժշկական հաստատությունները, որոնք օգնություն են ցուցաբերում հիվանդներին և վիրավորներին:
Նշվում է, որ համավարակի պայմաններում հատկապես կարեւորություն ունի առողջապահական ոլորտի աշխատողներին պաշտպանել պատերազմի բռնությունից, որպեսզի նրանք կարողանան շարունակել պայքարը համաճարակի դեմ։ Ռազմական գործողությունների անհապաղ դադարեցումը կարևոր է առողջապահական ծառայությունների հասանելիության պահպանման համար, որը մարդու հիմնարար իրավունքներից մեկն է»,- եզրափակել է Կլյուգենը:
Աղբյուր՝
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com