Հայաստանյան հետընտրական խճանկար

Հայաստանի 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների քվեարկության փուլն ավարտված է, սակայն ավարտված չեն ընտրական գործընթացները։ Թեեւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն հրապարակել է ընտրությունների նախնական արդյունքները, սակայն ապագա խորհրդարանի պատկերը դեռեւս պարզ չէ, որը կապված է ԲՀԿ-ի հավաքած ձայների քանակի հետ։

Ըստ այդ նախնական արդյունքների, «Բարգավաճ Հայաստան> կուսակցությունն հավաքել է 58 հազար 378 ձայն, որը կազմում է 3,996 տոկոս։ Այսինքն՝ այս վիճակով ԲՀԿ-ն չի անցնում խորհրդարան, անցնելու համար պակասում է ընդամենը մի քանի տասնյակ ձայն։ Այժմ տարբեր տեղամասերում ընթանում են վերահաշվարկներ, որոշակիորեն փոխվում են թվեր, ինչը, հասկանալի է, կարող է փոխել պատկերը։

Ըստ նախնական արդյունքների, խորհրդարան են անցնում երեք քաղաքական ուժեր․

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն – 727 հազար 820 ձայն կամ 49,825 տոկոս, «Ուժեղ Հայաստան» դաշինք – 340 հազար 88 ձայն կամ 23,281 տոկոս, «Հայաստան» դաշինք –145 հազար 113 ձայն կամ 9,934 տոկոս։

Այսպիսով, ըստ այս պատկերի, ընտրություններում հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որը խորհրդարանում ապահովել է կայուն մեծամասնություն եւ կարող է միանձնյա ձեւավորել կառավարություն, ինչի մասին արդեն իսկ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

Եթե ԲՀԿ-ն չի անցնում խորհրդարան, ապա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նոր Ազգային ժողովում կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը՝ 29 մանդատ, <Հայաստան> դաշինքը՝ 12 մանդատ։

Ուժերի այս դասավորությունը նշանակում է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը խորհրդարանում կունենա խորհրդարանի պատգամավորների ընդհանուր թվի երեք հինգերորդի մեծամասնություն, ինչը հնարավորություն կտա ընդունել սահմանադրական օրենքներ ու ընտրել մի շարք հանգուցային պաշտոնատար անձանց։ Սակայն այս պատկերով ՔՊ-ն չի ունենա սահմանադրական մեծամասնություն, ինչը նշանակում է, որ չի կարողանալու իրականացնել սահմանադրական փոփոխություններ։

Եթե ԲՀԿ-ն անցնում է խորհրդարան, պատկերը որոշակիորեն փոխվում է․ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստանում է 5 մանդատ, ՔՊ-ն՝ 61, «Ուժեղ Հայաստան»-ը՝ 28, «Հայաստան» դաշինքը՝ 11 մանդատ: Այսպիսի դասավորությունը կարող է իշխանության համար որոշակի խնդիրներ առաջացնել օրենքներ ընդունելու հարցում։

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունն անդրադառնալով ընտրություններին, առանց մանրամասնելու ու փաստեր ներկայացնելու, հայտարարում է բազմաթիվ կեղծիքների մասին, սակայն չի շտապում պաշտոնական գնահատական տալ՝ ապասելով վերջնական արդյունքների հրապարակմանը։

«Հայաստան» դաշինքը եւս խոսում է աննախադեպ կեղծիքներ մասին՝ հայտաարելով, թե մտադիր է վիճարկել ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանում։ Այս մասին հայտարարել է նաեւ Արման Թաթոյանի «Միասնության թեւեր» կուսակցությունը։ Եւս մեկ կուսակցություն է ազդարարել ընտրությունների կեղծման մասին՝ «Լուսավոր Հայաստանը»։ ԲՀԿ-ն իր վերջնական գնահատականի համար սպասում է տեղամասերում վերահաշվարկների գործընթացի ավարտին։

Ինչպես նկատելի է, ընտրական կեղծիքների մասին հայտարարել են հիմնականում ռուսամետ ու ռուսական դաշտի քաղաքական ուժեր։ Եւ սա պատահական չէ․ Ռուսաստանը դեռեւս պաշտոնապես չի հայտարարել ընտրությունների վերաբերյալ իր գնահատականի մասին։ ՌԴ նախագահի խոսնակն հայտարարել է, թե իրենք սպասում են վերջնական արդյունքների հրապարակմանը, միաժամանակ նշելով, թե իրենց տվյալներ են հասել կեղծիքների ու ճնշումների մասին։

Իսկ ահա ռուս առանձին քաղաքական գործիչներ կոպիտ ու սպառնալից հայտարարություններ են անում Հայաստանի իշխանությունների հասցեին, ֆանտաստիկ պատմություններ պատմում կեղծված ընտրությունների մասին։

Այս իմաստով ուշագրավն այն է, որ ընտրական կեղծիքներից խոսում են այն մարդիկ ու քաղաքական ուժերը, որոնք անցյալում այդ կեղծիքների գեներալներ են եղել։ Նաեւ ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ իր օրում ազատ ու ժողովրդավար ընտրություններ չտեսած Ռուսաստանի գործիչներն են հայտարարում Հայաստանի կեղծված ընտրությունների մասին։

Այս ամենի միտումը պարզ է․ ապալեգիտիմացնել ու կասկածի տակ դնել հայաստանյան ընտրությունների արդյունքները։ Հիշեցնենք, որ դեռեւս ընտրություններից շաբաթներ առաջ ռուս առանձին պաշտոնյաներ հայտարարում էին, թե Ռուսաստանը պետք է չճանաչի Հայաստանի ընտրությունների արդյունքները։

Ուշագրավ է նաեւ այն փաստը, որ ԱՊՀ դիտորդները, այդ թվում՝ ռուսներ, դրական են գնահատել ընտրություններն ու ընտրական գործընթացները՝ դրանք հ

ամարելով ազատ ու թափանցիկ։

Ընտրությունները դրական են գնահատել նաեւ միջազգային դիտորդական առաքելությունների ներկայացուցիչները, իսկ Եվրամիությունը ընտություններին մասնակից քաղաքական ուժերին կոչ է արել ընդունել ընտրությունների արդյունքները։

Վերջում մատնանշենք 2026 թվականի հայաստանյան ընտրությունների մի քանի ուշագրավ կողմեր։ Այս տարվա ընտրություններում գրանցվեց ընտրողների մասնակցության ակտիվության աճ։ Նախորդ ընտրությունների համեմատ մասնակիցների թիվը աճել էր մոտ 10 տոկոսով։

Նորաստեղծ մի քանի կուսակցություններ («Միասնության թեւեր», «Շնորհապետական», ԴՕԳ) ավելի շատ քվեներ հավաքեցին, քան տարիների պատմություն ունեցող կուսակցությունները՝ «Հայ ազգային կոնգրես», «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն», ԱԺԲ։

Համլետ Կիրակոսյան

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments