Ընտրություններում «կենացները թանկանում են»

Հայաստանի խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավն հասել է իր միջնակետին, նաեւ՝ կիզակետին։ Ինչպես ասում են, օր օրի «կենացները թանկանում են», սակայն․․․ սակայն էժանանում են խոսքի արժեքը, միտքն ու գաղափարը։ Դրանք էժանացնում են  հենց իրենք՝ քաղաքական ուժերն ու գործիչները։

Եթե քարոզարշավի առաջին շաբաթվա ընթացքում մասնակից քաղաքական ուժերի ներկայացուցիչներն ընտրողների հետ հանդիպումների ժամանակ դրսեւորում էին համեմատաբար զուսպ վարք ու բառապաշար, քիչ թե շատ անդրադառնում  էին իրենց ծրագրերին, արտաքին ու ներքին քաղաքական, տնտեսական, սոցիալական հարցերի, իսկ միմյանց հասցեին հնչեցրած քննադատությունները  մեծամասամբ տեղավորվում էին նախընտրական պայքարի տրամաբանության մեջ, ապա հաջորդող օրերին կրքերը շիկացրին, անցան փողոցային բառապաշարի, փոխադարձ վիրավորանքների, անձնական պիտակավորումների։

Բանը հասավ անգամ իրար հասցեի հնչեցրած հայհոյանքների, սպառնալիքների, մինչեւ իսկ իրար սատկացնելու, խփել-սպանելու հայտարարությունների։ Մի խոսքով, «մարտեր առանց սահմանների»։

Այս իմաստով հատկապես «աչքի են ընկնում» ընտրություններին հաջողության հասնելու հնարավորություններ ունեցող, ինչպես ընդունված է ասել, հիմնական քաղաքական ուժերը։ Այսինքն՝ այն ուժերը, որոնք տարբեր սոցոլոգիական հարցումների համաձայն, առաջատար դիրքեր են գրավում եւ օբյեկտիվորեն առավել մեծ հավակնություններ ունեն խորհրդարանում որոշակի տեղեր զբաղեցնելու համար։

Խոսքը վերաբերում է, մասնավորապես, «Քաղաքացիական պայմանագիր», «Ուժեղ Հայաստան», «Բարգավաճ Հայաստան» կուսակցություններին ու «Հայաստան» դաշինքին եւ դրանց առաջնորդներին ու առանձին ներկայացուցիչների։ Քաղաքական մեկնաբանների դիտարկմամբ ու հանրային կարծիքի համաձայն, հենց այս ուժերն առավել մեծ հնարավորություններ ունեն խորհրդարանական աթոռներ ունենալու համար ու հենց այս ուժերի միջեւ է ընթանում հիմնական պայքարը։

Ընդհանրապես, հայաստանյան ընտրություններում մշտապես պակասել են գաղափարական, առարկայական պայքարն ու խոսքը, ինչն արդյունք է քաղաքական դաշտի անկատարության,  քաղաքական գործընթացների՝ շատ դեպքերում ապաքաղաքական բնույթի եւ ներքին դրդապատճառների բացակայության։ Այս ամենի արդյունքում, ընտրողներն էլ քիչ ուշադրություն են դարձնում քաղաքական ուժերի ծրագրերին ու առաջարկներին եւ առավել, այսպես ասած, տարվում են տեսարաններով։

Ներկայիս ընտրությունների տվյալ փուլում այս իրողություններն իրենց արտահայտությունն են գտնում առավել մեծ չափաքանակով ու գունեղ երանգներով։ Եւ որքան մոտենում է ընտրությունների օրը, այնքան այս երեւույթներն առավել սաստկանալու միտումներ են դրսեւորում։

Այս ամենին գումարվում են թշնամանքն ու ատելության խոսքը, ապատեղեկատվությունը, սուտ տեղեկություններով հանրության մեջ վախի մթնոլորտի սերմանումը, հասարակական պառակտվածությունը, որը կարող է հասնել  մի վտանգավոր սահմանի։

Ընտրական գործընթացներին հետեւող որոշ քաղաքական վերլուծաբաններ ու դիտորդներ կարծում են, որ այսպիսի մթնոլորտի հաստատումը շատ դեպքերում միտումնավոր է արվում, ընդ որում, արվում է քաղաքական տաբեր ճամբարներից՝ տարբեր դրդապատճառներով ու մղումներով։

Ըստ այդմ, իշխանությունը, օրինակ, այսպիսի քայլերով էժանացնում է ընտրական գործընթացները, որպեսզի հանրության մեջ առաջանան որոշակի հիասթափության տրամադրություններ, դրանց արդյունքում շատերը չգնան ընտրության, լինի քիչ մասնակցություն, որը ձեռնտու է առավել շատ ձայներ հավաքած քաղաքական ուժին, քանի որ գործող ընտրական համակարգի համաձայն, այդ ուժը ստանում է լրացուցիչ բոնուսներ։ Առավել շատ ձայներ հավաքող ուժ այս պահին դիտարկվում է հենց իշխանական կուսակցությունը։

Իսկ ահա ընդդիմադիր քաղաքական ուժերը, մասնավոապես, ռուսամետ դաշտում գործողները, իրենց գործողություններով նպատակ ունեն ստվեր գցել ընտրական գործընթացների վրա, որպեսզի հետագայում խոսեն ընտրությունների կեղծման, դրանց անօրինակության մասին, ինչը առավել մեծ հնարավորություններ կտա հետընտրական գործընթացներ կազմակերպելու ու իրականացնելու համար։

Այս իմաստով, թերեւս, պատահական չէ, որ Ռուսաստանի կիսապաշտոնական եւ ոչ պաշտոնական շրջանակներից արդեն իսկ հնչում են հայտարարություններ այն մասին, որ, եթե ընտրություններում հաղթի գործող իշխանությունը, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը, ապա Ռուսաստանը պետք է չճանաչի ընտրությունների արդյունքները։

Իսկ ահա Ռուսաստանի պահով հատկանշական է, որ այս օրերին  հրապարակումներ եղան գաղտնազերված փաստաթղթերի մասին, որոնք բացահայտում են ՌՖ կողմից եվրոպական մի քանի երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, կեղծ դրոշի տակ իրականացված ու իրականացվելիք հատուկ օպերացիաների մասին՝ ապատեղեկատվություն տարածելու ու հասարակական պառակտվածություն առաջացնելու գործողությունների միտումով։

Այսինքն, խոսքը վերաբերում է հիբրիդային պատերազմի մասին, ինչի մասին օրեր առաջ Երեւանում հայտարարում ու զգուշացնում էին Եվրամիության ներկայացուցիչները եւ եվրոպական երկրների առաջնորդները։

Եթե վերը նշված կուսակցություններն իրականացնում են առավել մասսայական հանդիպումներ ընտրողների հետ, մյուս, սակավ հնարավորություններ ունեցող քաղաքական ուժերը, սահմանափակվում են փոքր հանդիպումներով ու իրենց ասելիքը սոցցանցային ձեւաչափով ներկայացնելու միջոցով։

Համլետ Կիրակոսյան

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments