«Ընտրական և հանրաքվեին մասնակցելու իրավունքների քրեաիրավական պաշտպանությունը ՀՀ-ում»

«Չնայած ճնշումներին` դեմոկրատիան գոյություն ունի բոլոր մայրցամաքներում»,- այս մասին այսօր, «Ընտրական և հանրաքվեին մասնակցելու իրավունքների քրեաիրավական պաշտպանությունը ՀՀ-ում» խորագրով ձեռնարկի ներկայացմանը բացման իր խոսքում ասաց Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Յակոբ Վյոլլենտշայնը: Միջոցառումը կազմակերպվել էր Հայաստանի Արդարադատության ակադեմիայի հետ համագործակցությամբ և նպատակ ուներ քննարկել ժողովրդավարական մասնակցության պաշտպանության համար անհրաժեշտ իրավական շրջանակները։

Ձեռնարկի համահեղինակ ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի Քրեական իրավունքի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Աննա Մարգարյանի խոսքով՝ օրենսդրական կարգավորումները շատ հաճախ գրված են այնպես, որ շարքային քաղաքացին չի պատկերացնում այն մասերը, որոնք կապված են դրանց կիրարկման հետ: Այդ նպատակով ստեղծվել է այս ձեռնարկը, որտեղ հնարավորինս մատչելի տարբերակով, առանց իրավաբանական եզրույթների հասցվի հասարակությանը: 

Ձեռնարկը բաղկացած է երկու մասից. առաջին հատվածում անդրադարձ է կատարվել ընտրական և հանրաքվեին մասնակցելու իրավունքների իրականացման հետ կապված ընդհանուր բնույթի հանցագործություններին, երկրորդ մասում՝ ընտրական և հանրաքվեին մասնակցելու իրավունքների իրականացման հետ կապված կոռուպցիոն հանցագործություններին: Աննա Մարգարյանի կարծիքով, ձեռնարկի մատչելիությունը հնարավորություն է տալիս և´ քաղհասարակության, և´ ուսանողների, ապագա իրավակիրառողների համար դառնալ այն աղբյուրը, որը կկողմնորոշի իրավունքի մեկնաբանման առումով:

Թե ինչու են այս պահին անդրադառնում այս ձեռնարկին, Աննա Մարգարյանը նշեց երկու պատճառ՝ առաջիկայում սպասվող խորհրդարանական ընտրութունները և 2021 թվականին փոխված և 2022 թ. հուլիսի 1-ից ուժի մեջ մտած քրեաիրավական օրենսդրությունը, որի մասին, ըստ բանախոսի, շատերը տեղյակ չեն: «Բնական է, որ անցել է երեք-չորս տարի և այս ընթացքում խնդիրներ են ծագում: Ոչ մի օրենսդրություն չի հավակնում «բացարձակ լավը լինելուն», ինչքան էլ փորձեն կարգավորել, միշտ թերացումներ, բացեր լինում են»,- նշեց Աննա Մարգարյանը:

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

 

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments