«Ներառականությունը՝ մեդիայի, արվեստի և կրթության լեզվով»
Հայկական Կարիտասի «Նպաստել Հայաստանում բոլորի համար ներառական և համապատասխան որակյալ կրթության կայացմանը» ծրագրի շրջանակներում անցկացվեց երկօրյա դասընթաց՝ լրագրողների, դերասանների, ուսանողների և Շիրակի ՏՄԱԿ-ի աշխատակիցների մասնակցությամբ։
«Ներառականության զգայուն լուսաբանում, հանրային ընկալումների ձևավորում և խնդիրների վերհանում» թեմայով դասընթացը համախմբել էր շուրջ երեք տասնյակ մասնակիցների, ովքեր հնարավորություն ունեցան ծանոթանալու համընդհանուր դիզայնի սկզբունքներին, ուսումնասիրելու հաշմանդամություն և հատուկ կարիքներ ունեցող անձանց հետ հաղորդակցման զգայուն լեզուն, էթիկական մոտեցումները և ներառական հաղորդակցության հիմնական սկզբունքները։
Գործնական պարապմունքների և փորձառական վարժությունների միջոցով մասնակիցները հայտնվեցին տարբեր իրավիճակներում՝ փորձելով սեփական փորձառության միջոցով հասկանալ և հաղթահարել այն խոչընդոտները, որոնց ամեն օր բախվում են հաշմանդամություն ունեցող մարդիկ։ Դասընթացի ընթացքում կազմակերպվեցին իրավիճակային քննարկումներ, ինչպես նաև հանդիպումներ իրական պատմությունների և փորձառությունների կրող մարդկանց հետ, որոնց հետ մասնակիցները բաց և անկաշկանդ միջավայրում քննարկեցին հասարակության մեջ առկա կարծրատիպերը, նախապաշարմունքներն ու ներառման ճանապարհին առկա մարտահրավերները։
Դասընթացի երկրորդ օրը տարբեր մասնագիտական ոլորտներ ներկայացնող մասնակիցներից ձևավորված խառը թիմերը մշակեցին և ներկայացրին մեդիա և արվեստի ոլորտներում ներառականության խթանմանն ուղղված իրենց գաղափարներն ու նախաձեռնությունները։
Երկօրյա դասընթացի արդյունքում ստեղծվեցին ներառականության գաղափարը հանրայնացնող և տարածող տարբեր մեդիա և ստեղծագործական արտադրանքներ՝ պայուսակներ, ստիկերներ, դրոշմապիտակներ, օրացույցներ, հումորային ծաղրանկարներ, ինչպես նաև բեմադրվեց ներառական ֆորում-թատրոն։
Դասընթացի կարևոր արդյունքներից մեկը մասնակիցների միջև մասնագիտական կապերի ամրապնդումն ու հետագա համագործակցության հիմքերի ստեղծումն էր։ Մասնակիցները պայմանավորվեցին ձևավորել ներառականության ոլորտում գործող միջոլորտային համագործակցության ցանց, որը կհամախմբի մեդիայի, արվեստի, կրթության և հոգեկան առողջության ոլորտների ներկայացուցիչներին՝ համատեղ նախաձեռնությունների և հանրային իրազեկման գործողությունների իրականացման նպատակով։
Դասընթացի հիմնական նպատակներն էին՝
նպաստել ներառականության թեմայի զգայուն և պատասխանատու լուսաբանմանը,
ձևավորել ներառականության վերաբերյալ ավելի իրազեկ և դրական հանրային ընկալումներ,
բարձրացնել տարբեր մասնագիտական խմբերի կարողությունները հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքահեն ներկայացման և հաղորդակցության ոլորտում,
խթանել մեդիայի և արվեստի միջոցով հասարակական կարծրատիպերի հաղթահարումը,
ստեղծել մասնագիտական համագործակցության և փոխգործակցության կայուն ցանց՝ ներառականության օրակարգը համատեղ առաջ մղելու համար։
Ծրագիրը շարունակական բնույթ է կրում և ներառում է մի շարք խոշոր հանրային նախաձեռնություններ։ Դրանցից են ներառականության թեմայով սթրիթ արտի ստեղծումը հանրային տարածքում, ինչպես նաև համագործակցությունը դրամատիկական թատրոնի հետ՝ ներառականության թեմայով թատերական ներկայացման բեմադրման նպատակով։ Այս նախաձեռնությունները միտված են արվեստի և մշակույթի լեզվով նպաստելու հասարակական վերաբերմունքի փոփոխությանը, կարծրատիպերի հաղթահարմանը և ավելի ներառական համայնքների ձևավորմանը։
Ծրագիրը ֆինանսավորվում է Գերմանիայի Տնտեսական զարգացման և համագործակցության դաշնային նախարարության և Կարիտաս Գերմանիայի կողմից։
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com














