Վահագն Հովակիմյանը՝ ընտրությունների վերաբերյալ գնահատականների մասին

Պատգամավորների ցանկը հաստատելուց հետո ԿԸՀ նախագահը պատասխանել է լրագրողների հարցերին։

Անդրադառնալով ընտրություններից հետո համացանցում իր հասցեին հնչած որակումներին, այդ թվում՝ «ՔՊ-ի լուսանկարիչ», Նիկոլ Փաշինյանի համար աշխատած անձ և «մանդատագող», Հովակիմյանը լրագրողներին կոչ է արել վիրավորանքը չձևակերպել որպես հարց։

«Քաղաքական ուժերն ու քաղաքացիներն իրենց նախապատվություններում ազատ են՝ ով ինչ գնահատական կտա, եթե այդ գնահատականը չի հատում վիրավորանքի և զրպարտության շեմը։ Սոցիալական ցանցերում տեսել եմ նաև վիրավորական արտահայտություններ, սակայն այս դեպքում իրավական գործընթաց նախաձեռնելու անհրաժեշտություն չեմ տեսնում։ Յուրաքանչյուրի գործունեությանը գնահատական է տալիս ժամանակը»,- ասել է նա։

Հովակիմյանը հայտարարել է, որ կարող է «պարզ ճակատով» ասել՝ 2026 թվականի հունիսի 7-ի Ազգային ժողովի ընտրություններն անցել են ազատ, արդար և թափանցիկ։

Նրա խոսքով՝ նախորդ բոլոր ընտրությունների համեմատ այս ընտրությունների ընթացքում թերացումները և տեխնիկական խնդիրներն անհամեմատ քիչ են եղել։

«Մենք ունեցել ենք իրավիճակ, երբ քաղաքական ուժերից մեկի՝ խորհրդարան անցնելու կամ չանցնելու հարցը շատ զգայուն սահմանագծում էր։ Լարվածությունն ու հուզական արձագանքները դրանով էին պայմանավորված»,- նշել է ԿԸՀ նախագահը։

Հովակիմյանը կրկնել է, որ 2026 թվականի Ազգային ժողովի ընտրությունները՝ թերությունների և տեխնիկական խնդիրների տեսանկյունից, նախորդ ընտրությունների համեմատ լավագույնն են եղել։

Անդրադառնալով «մանդատագողության» վերաբերյալ հարցին՝ նա ասել է.

«Կարող են բազմաթիվ վիրավորանքներ հնչեցնել։ Ես ուզում եմ հասկանալ վիրավորանք հնչեցնելու ձեր մղումը։ Եկեք չմոռանանք, որ ես ժամանակին ձեր կարգավիճակում եմ եղել։ Այդ հարցը հնչեցնելով՝ դուք եք փորձում ինձ վիրավորել»։

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments