«Միասնության թևեր»-ի օգտին ընտրակաշառքի գործը հանձնվել է Հակակոռուպցիոն դատարան
Դատախազը 2026 թվականի հուլիսի 22-ին, հաստատված մեղադրական եզրակացությամբ, Հակակոռուպցիոն դատարան է հանձնել «Միասնության թևեր» կուսակցության օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառք տալու և ընտրակաշառք ստանալու վերաբերյալ քրեական վարույթի նյութերը:
Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել է, որ Սյունիքի մարզի Կապան համայնքի Արծվանիկ բնակավայրի վարչական ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Ա.Հ.-ն 2026 թվականի հունիսի 7-ին նշանակված Ազգային ժողովի հերթական ընտրությանը մասնակցելու և «Միասնության թևեր» կուսակցության օգտին քվեարկելու պայմանով, Ալ.Հ.-ին խոստացել է ընդգրկել ՓԲ ընկերության կողմից Արծվանիկ բնակավայրի բնակիչների որոշակի խմբին ամսական տրամադրվող 40 հազար դրամ օգնության ցուցակում:
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Արծվանիկ բնակավայրի վարչական ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Ա.Հ.-ի և Ալ.Հ.-ի նկատմամբ՝ ընտրակաշառք տալու և ընտրակաշառք ստանալու համար։
2026 թվականի հուլիսի 22-ին քրեական վարույթի նյութերը՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ, հանձնվել են Հակակոռուպցիոն դատարան։
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com






