ԿԸՀ-ն կքննարկի Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման միջնորդությունը

Վահագն Հովակիմյանը պարզաբանել է նաև, թե ինչու է ԿԸՀ-ն քննարկում Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու վերաբերյալ Գլխավոր դատախազության միջնորդությունը, չնայած նրան, որ Կարապետյանն արդեն ընտրված պատգամավոր է։

Հովակիմյանի խոսքով՝ Ընտրական օրենսգրքի 90-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ պատգամավորի թեկնածուի, ինչպես նաև ընտրված, բայց դեռևս լիազորությունները չստանձնած պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն ԿԸՀ-ի համաձայնությամբ։

Նա նշել է, որ այս մոտեցումն ամրագրված է նաև Սահմանադրական դատարանի՝ 2022 թվականի որոշմամբ։

«Ընտրված, բայց դեռևս լիազորությունները չստանձնած պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու գործընթացը կարող է իրականացվել միայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությամբ։ Այդ որոշումը պետք է ընդունվի ԿԸՀ անդամների ձայների երկու երրորդով»,- ասել է Հովակիմյանը։

Նրա խոսքով՝ Սահմանադրական դատարանի որոշումից հետո ԿԸՀ-ն նախկինում հինգ նմանատիպ միջնորդություն վերադարձրել է Դատախազություն, քանի որ այդ պահին համապատասխան անձինք ունեին միայն պատգամավորի թեկնածուի կարգավիճակ։

Ընտրական օրենսգրքի 91-րդ հոդվածի համաձայն՝ պատգամավորի թեկնածուի կարգավիճակը պահպանվում է մինչև Ազգային ժողովի ընտրությունների արդյունքների վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշման ընդունումը։

Հովակիմյանը տեղեկացրել է, որ հետագայում Դատախազությունը կրկին դիմել է ԿԸՀ՝ Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու համար՝ հղում անելով Սահմանադրական դատարանի հիշյալ որոշմանը։

ԿԸՀ նախագահի խոսքով՝ մինչև ընտրված պատգամավորների վերաբերյալ արձանագրության կազմումը և խորհրդարանի կազմի հաստատումը հանձնաժողովը համապատասխան իրավական հիմք չուներ հարցը քննարկելու համար։

Նա պարզաբանել է, որ հուլիսի 21-ից մինչև օգոստոսի 2-ը՝ ժամը 10:00-ը, արձանագրությունում ընդգրկված անձինք համարվում են ընտրված, սակայն դեռևս լիազորությունները չստանձնած պատգամավորներ։ Այդ ժամանակահատվածում նրանց նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու հարցը գտնվում է ԿԸՀ իրավասության ներքո։

ԿԸՀ արտահերթ նիստը, որի ընթացքում նախատեսվում է քննարկել Դատախազության միջնորդությունը, նշանակվել է հուլիսի 21-ին՝ ժամը 17:00-ին։ Թե որ քրեական վարույթի շրջանակում է Դատախազությունը դիմել ԿԸՀ, չի հրապարակվում՝ նախաքննության գաղտնիության հիմքով։

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments