Համայնքային գույքի վերադարձը՝ Գյումրու ավագանու օրակարգում
Գյումրու ավագանու հերթական նիստի օրակարգում ընդգրկված հարցերը վերաբերում էին համայնքային ենթակայության ՀՈԱԿ-ներին դրամական հատկացումներին, կոմունալ բաժնին նոր գույք տրամադրելուն, աղբահանությանն ու փողոցների բարեկարգման ծրագրերին, ինչպես նաև համայնքի գույքը քաղաքի հաշվեկշիռ վերադարձնելուն։
Օրակարգում առանձին կետով քննարկվել է պետական և համայնքային շահերի պաշտպանության նպատակով դատարաններ հայցեր ներկայացնելու և այդ գործընթացում փաստաբանական ծառայությունից օգտվելու նախագիծը։ Այդ հարցով Գյումրու քաղաքապետարանի իրավաբանական բաժնի պետի պաշտոնակատար Հրաչ Վարդանյանն առաջարկել է Հայաստանի Հանրապետության իրավասու դատարաններ ներկայացնել պետական–համայնքային պաշտպանության հայցեր՝ Գյումրի քաղաքին նախկինում պատկանած մի շարք անշարժ գույքերը համայնքին վերադարձնելու պահանջով։ Առաջարկվել է նաև համայնքի շահերի պաշտպանության համար օգտվել փաստաբանական ծառայությունից՝ սահմանելով մինչև 5 միլիոն ՀՀ դրամ առավելագույն գումար։ Սակայն, Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները դեմ են արտահայտվել փաստաբանական ծառայության համար 5 միլիոն դրամ հատկացնելու առաջարկին՝ փոխարենը առաջարկելով գործընթացն իրականացնել դատախազության միջոցով։
Խմբակցության քարտուղար Քնարիկ Հարությունյանը նշել է, որ եթե դատախազության ուսումնասիրության արդյունքում հանցակազմ բացահայտվի, պետությունն ինքն է շահագրգռված լինելու համայնքային գույքը վերադարձնել համայնքին։
Մինչդեռ «Մեր քաղաքը» դաշինքի ներկայացուցիչները մտահոգություն են հայտնել, որ հարցի նման զարգացումը կարող է վնասել քաղաքի գործարար համբավին։ Քննարկումների արդյունքում հարցը հանվել է օրակարգից, քանի որ անորոշություն են արձանագրել նաև մյուս խմբակցությունները։ Նիստի ավարտին ավագանին քննարկել է նաև թափառող շների կացարանի կառուցման հարցը։ Քաղաքապետարանը պատրաստակամություն է հայտնել այն կառուցել համայնքի միջոցներով, և առաջիկայում նախատեսվում է մրցույթի հայտարարում։
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com






