Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի գործով երկու մեղադրյալ ազատ է արձակվել
Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի գործով Միքայել Մինասյանն ու Գևորգ Գևորգյանը ազատ են արձակվել, իսկ Դավիթ Մինասյանին կալանավորելու միջնորդությունը ներկայացվել է դատարան։ Միքայել Մինասյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել են երկրից չբացակայելու մասին ստորագրությունն ու գրավը։ Գևորգ Գևորգյանի դեպքում կիրառվել է 5 մլն դրամ գրավ։
Դավիթ Մինասյանին դատարան են ներկայացրել՝ երկու ամսով կալանավորելու միջնորդությամբ։ Դավիթ և Միքայել Մինասյաններին մեղադրանք է առաջադրվել խուլիգանության, ինչպես նաև պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու հոդվածներով, իսկ Գևորգ Գևորգյանը մեղադրվում է այդ արարքները կազմակերպելու համար։
Միքայել Մինասյանի փաստաբանը պնդում է, որ որևէ հարված չի եղել, իսկ տեսանյութում երևացողը նույնիսկ հարվածի փորձ չի եղել։ Միջադեպը տեղի է ունեցել կիրակի օրը Սուրբ Աննա եկեղեցում, երբ պատարագին մասնակցում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ըստ իրավապահների՝ քաղաքացիներից մեկը դժգոհել է անվտանգության աշխատակիցների գործողություններից, ապա դիմել վարչապետին և փորձել հարվածել։
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com






