Պուտինը՝ Հայաստանի՝ ԵՏՄ-ից դուրս գալու հնարավոր հետևանքների մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եթե Հայաստանը դուրս գա Եվրասիական տնտեսական միությունից (ԵՏՄ), Ռուսաստանը ստիպված կլինի սահմանափակել Երևանի հետ տնտեսական ինտեգրացիոն համագործակցությունը, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Պուտինի խոսքով՝ ԵՏՄ-ից դուրս գալու դեպքում Հայաստանը կկորցնի միության ազատ առևտրի համաձայնագրերից օգտվելու հնարավորությունը, ինչպես նաև կարող է բախվել երկաթուղային փոխադրումների սակագների բարձրացման և ավտոբեռնափոխադրողների համար ավելի խիստ պահանջների։

Նա նշել է նաև, որ փոփոխություններ կլինեն Ռուսաստանում աշխատող Հայաստանի քաղաքացիների կարգավիճակի հարցում։ Եթե Հայաստանը լքի ԵՏՄ-ն, հայաստանցի քաղաքացիների նկատմամբ կկիրառվեն նույն կանոնները, ինչ այլ օտարերկրյա աշխատողների դեպքում, այդ թվում՝ աշխատանքի համար արտոնագիր ստանալու պահանջը։
ՌԴ նախագահը հավելել է, որ ներկայումս Հայաստանը ԵՏՄ շրջանակում օգտվում է միության պաշտպանված շուկայի հնարավորություններից։ Նրա խոսքով՝ Ռուսաստանում գործող ֆիտոսանիտարական նորմերը շատ ավելի խիստ են, քան Եվրամիությունում, և եթե Հայաստանը դադարեցնի անդամակցությունը ԵՏՄ-ին, հայկական գյուղատնտեսական արտադրանքը կարող է բախվել ռուսական շուկա մուտք գործելու լրացուցիչ դժվարությունների։

«Գյուղատնտեսական արտադրանքը մատակարարվում է մեր շուկա։ Այդ դեպքում մենք կդադարենք ճանաչել այդ նորմերը։ Պետք կլինի կրկին վերադառնալ այդ հարցին։ Հնարավոր է՝ ճանաչենք դրանք և բավարար համարենք, հնարավոր է՝ ոչ»,- ասել է Պուտինը։
Միաժամանակ նա ընդգծել է, որ անկախ Հայաստանի որոշումներից՝ Ռուսաստանի հետ հումանիտար և քաղաքական հարաբերությունները չեն տուժի, քանի որ խոսքը վերաբերում է բացառապես տնտեսական ոլորտին։
ՌԴ նախագահը նաև հայտարարել է, որ ԵՏՄ-ն կցանկանար, որպեսզի Հայաստանը հնարավորինս շուտ հանրաքվե անցկացնի երկրի հետագա ինտեգրացիոն ուղղության վերաբերյալ։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում Պուտինը հիշեցրել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ինքն է խոսել հանրաքվե անցկացնելու անհրաժեշտության մասին՝ պարզելու համար, թե Հայաստանը պետք է շարունակի մնալ ԵՏՄ-ում, թե ընտրի եվրոպական ինտեգրման ուղին։

«Մենք կխնդրեինք մեր հայ գործընկերներին, բարեկամներին։ Վարչապետ Փաշինյանն ինքն այդ մասին ասել է, որ նախատեսում է և ճիշտ է համարում հանրաքվե անցկացնել այն հարցի վերաբերյալ, թե որտեղ պետք է լինի Հայաստանը՝ ԵԱՏՄ-ում, թե Եվրամիությունում։ Մենք կխնդրեինք, որ դա արվի հնարավորինս շուտ»,- ասել է Պուտինը։
Ավելի վաղ Կրեմլը հրապարակել էր ԵՏՄ անդամ երկրների՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի առաջնորդների համատեղ հայտարարությունը՝ Եվրամիությանն անդամակցելու Հայաստանի ձգտման շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments