Ընտրական գործընթացներն ու մտքերի բեւեռացումը

Հայաստանում ընթացող նախընտրական քարոզարշավը թեւակոխել է վճռորոշ փուլ։ Քաղաքական ուժերն իրենց զինանոցի վերջին միջոցներն են ի ցույց դնում, իրենց հակառակորդների ուղղությամբ արձակում պահուստային փամփուշտները, փորձում իրենց կողմը գրավել ընտրազանգվածի այն հատվածը, որը դեռեւս կողմնորոշված չէ ու փնտրտունքների մեջ է։

Ընտրությունների արդյունքն ինչ-որ իմաստով կախված է այն հանգամանքից, թե որ կողմ կթեքվի այդ հատվածը, քաղաքական ուժերից որ մեկը ավելի համոզիչ կգտնվի իր ասելիքի մեջ եւ կկարողանա ազդել չկողմնորոշված ընտրողների գիտակցության ու կատարելիք ընտրության վրա։

Նախընտրական պայքարի այս փուլում առավել նկատելի է ոչ այնքան սեփական ծրագրերը ներկայացնելու մարտավարությունը, որքան մրցակից-հակառակորդների հանդեպ իրականացվող հակաքարոզչությունը, որը խարսխված է հիմնականում հասարակության մեջ վախեր սերմանելու հնարքի վրա։

Այս առճակատումն հատկապես դրսեւորվում է առաջատար քաղաքական ուժերի պարագայում։ Եթե իշխանական ուժը առաջ է տանում այն թեզը, թե ռուսամետ ուժերի, Նիկոլ Փաշինյանի բնորոշմամբ՝ պատերազմի եռագլուխ կուսակցւթյունների՝ իշխանության գալու դեպքում, հնարավոր է վերածնվի Ադրբեջանի հետ հակամարտությունը, ապա ռուսամետ ուժերը անդադար կրկնում են 300000 ադրբեջանցիների՝ Հայաստան գալու հնարավորությունը, եթե վերընտրվի Փաշինյանը։

Հասկանալի է, որ այս երկու խոսույթներն էլ, ընդհանուր առմամբ, չափազանցության դաշտից են, ընդամենը քարոզչական հնարք, սակայն հիմքում շատ վտանգավոր հասարակական տրամադրությունների, հոգեբանական ազդեցության, հանրային ու քաղաքական խմբերի միջեւ առճակատման եւ բեւեռացման խորացման ու, ինչն առավել կարեւոր է, ազգային-պետական հեռահար շահերի տեսանկյունից։

Այս իմաստով հատկանշական է հայաստանյան ընտրական գործընթացների վերաբերյալ ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) երկրորդ միջանկյալ զեկույցը, որտեղ ասվում է, թե Հայաստանի խորհրդարանական ընտրություններն անցկացվում են բեւեռացված միջավայրում։

Ըստ ԵԱՀԿ դիտորդների՝ ընտրական միջավայրը պայմանավորված է խաղաղության համաձայնագրի վավերացման եւ կիրարկման, սահմանադրական բարեփոխումների գործընթացի, երկրի արտաքին քաղաքական կողմնորոշման խնդիրներով։

«Քարոզչությունն ընթանում է ակտիվ եւ կենտրոնացած է Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացի, արտաքին քաղաքականության, տնտեսության, զբաղվածության, իրավունքի գերակայության եւ կոռուպցիայի դեմ պայքարի հարցերի վրա։ Քարոզչական խոսույթն ունի պառակտող եւ կոշտ բնույթ եւ աչքի է ընկնում պատերազմական հռետորաբանությամբ, հատկապես կառավարության «Իրական Հայաստան» ծրագրի, ինչպես նաեւ Հայ Առաքելական Եկեղեցու կարգավիճակի եւ հնարավոր բարեփոխումների շուրջ»,- նշում են զեկույցի հեղինակները։

Այս ամենը տեղի է ունենում մի կողմից՝ ռուսամետ քաղաքական ուժերի առաջնորդներին երկարատեւ բանտարկելու՝ Նիկոլ Փաշինյանի ամենօրյա սպառնալիքների, այդ նույն ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ ընտրակաշառքներ բաժանելու մասին ձայնագրությունները հրապարակելու, մյուս կողմից՝ ընդդիմության ներկայացուցիչների այն ահազանգերի ու հայտարարությունների համապատկերում, ըստ որոնց, իշխանությունն իր քարոզչության ընթացքում լայնորեն օգտագործում է պետական ապարատն ու լծակները։

Հատկանշական է, որ ի տարբերություն 2018 թվականից առաջ բոլոր տեսակի ընտրությունների, երբ ընտրակաշառք մասսայականորեն բաժանում էին իշխանական ու դրան կից քաղաքական ուժերը, իսկ դրանց մասին ահազանգում էին ընդդիմության ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, այսօր ընտրակաշառք բաժանում են ընդդիմադիր ուժերը, այսինքն՝ այն նույն ուժերը, որոնք 2018-ից առաջ իշխանություն էին կամ դրա մաս։

Ընտրական գործընթացներում լարվածության ավելացման մի նոր պատճառ է վերջին օրերին միջազգային հետաքննական հարթակներում եղած մի քանի հրապարակումները Ռուսաստանի կողմից Հայաստանի ընտրություններին միջամտելու մասին։ Ըստ դրանց, Կրեմլը տարբեր սցենարներ է մշակել ռուսամետ ուժերին իշխանության բերելու ուղղությամբ՝ հիմնական ու պահուստային թեկնածուներով, հանրային կարծիք ձեւավորողների ու քարոզիչ լրատվականների ցանկով, այդ մշակված սցենարներն իրականություն դարձնելուն ուղղված ահռելի գումարների ներդրմամբ։

Եւ սա Հայաստանի իշխանության հասցեին Ռուսաստանից հնչող մի շարք կոպիտ հայտարարությունների, հայկական ապրանքատեսակների նկատմամբ տնտեսական սանկցիաների կիրառման ֆոնին՝ կապված  Եվրամիության հետ Հայաստանի սերտացման գործընթացների հետ։

Համլետ Կիրակոսյան

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments