ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ-ի որոշումը․ ընտրությունների արդյունքները չեն փոխվի
Սահմանադրական դատարանը հուլիսի 4-ին հրապարակել է 2026 թվականի հունիսի 7-ին կայացած Ազգային ժողովի ընտրությունների արդյունքները վիճարկած յոթ քաղաքական ուժերի դիմումների վերաբերյալ իր որոշումը։ Դատարանը մերժել է բոլոր դիմումները՝ ուժի մեջ թողնելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի թիվ 259-Ա որոշումը։ Սահմանադրական դատարանի որոշումը վերջնական է և բողոքարկման ենթակա չէ։
Սահմանադրական դատարան էին դիմել «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքները, ինչպես նաև «Միասնության թևեր», «Դեմոկրատիա, Օրենք, Կարգապահություն», «Բարգավաճ Հայաստան», «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» և «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցությունները։ Նրանք վիճարկում էին ընտրությունների վերջնական արդյունքները՝ պնդելով, որ երեք ընտրատեղամասերում քվեարկության արդյունքների անվավեր ճանաչումն էական ազդեցություն է ունեցել մանդատների բաշխման վրա։
Ավելի վաղ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը անվավեր էր ճանաչել երեք ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները։ Այդ որոշման հետևանքով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հավաքել էր ընտրողների ձայների 3.9893 տոկոսը և չէր հաղթահարել Ազգային ժողով անցնելու համար սահմանված ընտրական շեմը։
Կուսակցությունը Սահմանադրական դատարանից պահանջում էր առնվազն մանդատների վերաբաշխում, սակայն դատարանը մերժել է ինչպես այդ, այնպես էլ մյուս բոլոր դիմումները՝ անփոփոխ թողնելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի թիվ 259-Ա որոշումը։
Սահմանադրական դատարանի որոշմամբ ավարտվեց Ազգային ժողովի 2026 թվականի ընտրությունների արդյունքների դատական վիճարկման գործընթացը։
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com






