Ընտրակաշառքի պատիժը խստացվեց. Նոր կանոններ՝ ընտրությունների համար

Ազգային ժողովի հուլիսի 3-ի արտահերթ նիստում առաջին և երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունվեցին մի շարք օրենսդրական նախագծեր։

Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց պատգամավոր Գեղամ Նազարյանի նախաձեռնած «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը։ Փոփոխություններով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցիի հինգ տաղավար տոներին հաջորդող մեռելոց օրերը կրկին կսահմանվեն որպես ոչ աշխատանքային։

ԱԺ-ն ընդունեց նաև Կառավարության ներկայացրած՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2001 թվականի «Ստորջրյա մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիան վավերացնելու մասին օրենքի նախագիծը։

Վավերացվեց նաև Հայաստանի և Ղազախստանի կառավարությունների միջև դիվանագիտական ներկայացուցչությունների շենքերի կառուցման նպատակով հողատարածքների փոխադարձ տրամադրման մասին համաձայնագիրը։

Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց պատգամավորներ Ալեն Սիմոնյանի, Արուսյակ Ջուլհակյանի, Վահագն Ալեքսանյանի, Ալխաս Ղազարյանի և Թագուհի Ղազարյանի ներկայացրած Քրեական օրենսգրքում փոփոխությունների փաթեթը։

Փոփոխություններով խստացվում են Քրեական օրենսգրքի 218–221-րդ հոդվածներով նախատեսված պատժաչափերը՝ ընտրակաշառքի հետ կապված հանցագործությունների համար։ Նախաձեռնության հեղինակների գնահատմամբ՝ դա լրացուցիչ երաշխիքներ կստեղծի նման իրավախախտումների կանխարգելման համար։

ԱԺ-ն ընդունեց նաև «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխությունների նախագիծը, որով փոփոխվում է պատգամավորի երդման տեքստը։ Նախագծի հիմնական զեկուցող Արուսյակ Ջուլհակյանի խոսքով՝ նպատակն է երդման մեջ առավել ընդգծել պետականության ամրապնդման և մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքները։

Բացի այդ, երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց նաև Ընտրական օրենսգրքում և «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխությունների փաթեթը։ Ըստ դրա՝ Ազգային ժողովի ընտրություններում ընտրելու իրավունք կունենան ընտրության օրը 18 տարին լրացած ՀՀ այն քաղաքացիները, որոնք քվեարկության օրվան նախորդող 48-րդ օրվա (արտահերթ ընտրությունների դեպքում՝ 28-րդ օրվա) դրությամբ նախորդող 730 օրվա ընթացքում Հայաստանում փաստացի գտնվել են առնվազն 366 օր։

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments