Ուշագրավ տվյալներ․ովքե՞ր են Գյումրիում օգտվում առողջապահության ապահովագրական համակարգից և ի՞նչ խնդիրներ կան

«Գյումրու երկխոսության մեդիա կենտրոնում» առողջապահական ոլորտի պատասխանատուների, բժշկական հաստատությունների ղեկավարների մասնակցությամբ քննարկվեց Հայաստանի Հանրապետությունում 2026 թվականի հունվարից ներդրված առողջապահության համընդհանուր ապահովագրության գործնական կիրառումը, ովքե՞ր են հիմնականում օգտվում, ո՞ր հիվանդությունների դեպքում են առավել շատ դիմում, ի՞նչ մարտահրավերներ ու բողոքներ կան։

Այս հարցերը պարզաբանեցին Շիրակի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական հարցերի վարչության պետ Լեյլի Ասլանյանը, Գյումրի բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Արմեն Խաչատրյանը, Գյումրու  Գրիգոր Նարեկացու անվան պոլիկլինիկայի տնօրեն Աստղիկ Բեյբությանը և Էնրիկո Մատտեի անվան պոլիկլինիկայի տնօրեն Արթուր Մանուկյանը։

Բանախոսները շեշտեցին, որ սկզբում եղել են բավական մեծ դժվարություններ․ մեծ հերթեր են առաջացել ու մտավախություն է հնչել, թե ծրագիրը շարունակական բնույթ չի կրի, այժմ կարծես հունի մեջ են ընկել։

Շիրակի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական հարցերի վարչության պետ Լեյլի Ասլանյանն ասաց․ «Բնականաբար ցանկացած նոր ներդրվող գործընթաց որոշակի հարցեր առաջացնում է, քանի որ գործնական աշխատանքում տարատեսակ հարցեր են առաջանում, և մենք բնականաբար փորձում ենք հստակեցնել և՛ առողջապահության նախարարության համապատասխան մասնագետների հետ և՛ ապահովագրական հիմնադրամի մասնագետների հետ»։

Գյումրի բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Արմեն Խաչատրյանն էլ նշեց, որ ծրագրի ներդրման սկզբում եղել են որոշակի բարդություններ, ծրագրում մեծ թվով մարդիկ են ընդգրկված, որոնք անվճար օգտվում են առողջապահության անվճար սպասարկումից։ Սկզբում եղել են որոշակի հարցեր՝ մասնավորապես ո՞ր շրջանակն է  օգտվելու, ովքե՞ր, խնդիր է եղել առողջապահության առաջնային օղակ-բուժհաստատության համագործակցության հետ կապված, սակայն վեց ամսվա ընթացքում ամենօրյա աշխատանքով աստիճանաբար լուծվել ու լուծվում են ընթացիկ խնդիրները։

Արմեն Խաչատրյանը խոսեց փաստերով․ «Մենք ունեցել ենք 32 հազարից ավելի ամբուլատոր դեպք, դրանք տարբեր հետազոտություններ, խորհրդատվություններ են, պետությունը փոխհատուցել է մոտ 300 միլիոն դրամ։

8 հազարից ավելի ստացիոնար դեպքեր ենք ունեցել, այսինքն՝ վիրահատություն, բուժում և այլն, և դրա դիմաց 1 միլիարդ ու կես գումար է հատկացվել։ Տեսեք՝ ինչ մեծ գումարի ու թվերի մասին ենք խոսում, այդքան մարդ են օգտվում, չեմ ասում 100 տոկոսով, բայց նախկինում այս հնարավորությունը չեն ունեցել, ընդ որում նաև սոցիալական խումբ ունեցող մարդիկ չեն ունեցել այս հնարավորությունը, օրինակ՝ 3-րդ խմբի հաշմանդամը չէր կարող օգտվել այս ամենից, ինչից հիմա  է օգտվում։ Կարող եմ ասել՝ լավ թանկարժեք միջամտություններից իրենք օգտվել են։

Էնրիկո Մատտեի անվան պոլիկլինիկայի տնօրեն Արթուր Մանուկյանի կարծիքով էլ, քանի որ նոր գործընթաց էր, բնականաբար սկզբնական շրջանում աժիոտաժ, խառնաշփոթ պետք է լիներ։

«Սկզբնական շրջանում քաղաքացիների հոսքը շատ էր, պոլիկլինիկան աշխատում էր մեծ ծանրաբեռնվածությամբ ու ոչ միայն մեր պոլիկլինիկան, այլ քաղաքի մյուս պոլիկլինիկաները ևս։ Առաջին եռամսյակում բավական ծանրաբեռնված աշխատեցինք, որովհետև մարդկանց մոտ մեծ մտավախություն կար, թե ծրագիրը կավարտվի, ասում էին՝ քանի հասնում է, օգտվենք, հնարավոր է շարունակություն չունենա։

Հետո կամաց-կամաց գործընթացը մտավ հունի մեջ, բուժաշխատողներն էլ հասկացան՝ ինչ ձևով աշխատեն, ինչպես կանոնակարգեն, հերթերի կառավարումն ինչ ձևով անեն։Հիմա ազգաբնակչության մոտ էլ այդ շտապողականությունը, թե «անպայման պիտի օգտվենք, ինձ հասնում է», կամաց-կամաց վերացավ։Հասկանում են, որ ցանկացած հետազոտություն, ցանկացած խորհրդատվություն՝ լինի լաբորատոր կամ գործիքային հետազոտություն, պետք է ունենա հստակ բժշկական ցուցում», -ասաց Արթուր Մանուկյանը։

Նա ևս ամփոփեց կիսամյակը․ մոտ 30 հազար ազգաբնակչություն սպասարկող Էնրիկո Մատտեի անվան պոլիկլինիկան վեց ամիսների ընթացքում՝ հուվարի 1-ից մինչև հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում մոտ 47 հազար ապահովագրական դեպք է սպասարկել։ Իրենց են դիմել առաջնակի գանգատներով, ինչպես նաև թե՛ քրոնիկ և թե՛ դիսպանսերում հսկվող հիվանդներ, խորհրդատվություններ են կազմակերպվել ու պոլիկլինիկայի նեղ մասնագետների կողմից ուղեգրումներ են տրվել հիվանդներին, որոնցով նրանք վիրահատվել են կամ անցել են թանկարժեք հետազոտություններ, լաբորատոր գործիքային հետազոտություններ։

Այս պոլիկլինիկային ապահովագրության շրջանակում վեց ամսվա ընթացքում  կառավարությունը 214 միլիոն դրամ է հատկացրել, երբ նախորդ տարիներին պոլիկլինիկայի  ամբողջ բյուջեն այդքան չէր, եռակի անգամ քիչ էր։

Գյումրու  Գրիգոր Նարեկացու անվան պոլիկլինիկայի տնօրեն Աստղիկ Բեյբությանն էլ նշեց, որ իրենց պոլիկլինիկայում տարվա կտրվածքով մոտ 43 հազար դեպք են սպասարկել։ Բնակիչները շատ հաճախ սխալ պատկերացում են ունեցել սպասարկման մասին, իրազեկված չեն եղել՝ որտեղից է սկսվելու գործընթացը։ Սկզբում դիմել են Գյումրի բժշկական կենտրոն, հետո պարզել, որ նախ պետք է դիմեին պոլիկլինիկա։ Իսկ այժմ, ըստ բանախոսի, հունի մեջ է ընկել, կարգավորվել է, կարողանում են բնականոն ընթացքով սպասարկել։

Հարց հնչեց՝ եթե քաղաքացին հիվանդանոց է տեղափոխվել շատպօգնության մեքենայով, ապա այս դեպքում նա առողջապահության ապահովագրմամբ է  բուժում ստանալո՞ւ, խոսքն այն քաղաքացիների մասին է, որոնք օգտվում են առողջապահության համընդհանուր ապահովագրությունից։

Գյումրի բժշկական կնտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը պարզաբանեց, որ այս թեման բազում անգամ արծարծվել է․ շտապօգնությամբ տեղափոխվելը  մեծամասամբ ո՛չ նախկինում, ո՛չ էլ այժմ պետական պատվերի տակ չի ընկնում։ Ըստ բանախոսի, բացի ապահովագրությունից գործում է նաև «Էմերջենսի» ծրագիր, որը սպասարկում է հստակ աշխտորոշումներ։

Բանախոսը պարզաբանեց՝ ապահովագրություն ունենալու դեպքում բուժառուները նախևառաջ պետք է դիմեն առողջապահության առաջնային օղակին՝ իր ընտանեկան բժշկին, եթե վերջինս հետազոտեց ու զգաց, որ բուժառուն կարիք ունի որոշ հետազոտությունների կամ նեղ մասնագիտական խորհրդատվություների, նրան ուղեգրում է հիվանդանոց։ Իսկ ոչ աշխատանքային ժամի կամ ազատ օրերին շտապօգնության մեքենայով կամ առանց շտապօգնության մեքենայով հիվանդանոց տեղափոխված քաղաքացին եթե անհետաձգելի բուժօգնության կարիք ունի, ապա բացվում է «Էմերջենսի» քարտ,  սպասարկվում է դրանով, իսկ աշխատանքային օրերին հիվանդանոցը այն ներկայացնում է ապահովագրությանը։

Լեյլի Ասլանյանը խոսեց բժշկական հաստատությունների ստացած ֆինանսական հոսքերի մասին։

«Ի՞նչ լայն հնարավորություն տվեց առողջապահության ապահովագրական հիմնադրամը ֆինանսական հոսքերի առումով, խոսքս առողջության առաջնային պահպանման օղակի մասին է, հնարավորություն ունեն ինչպես ֆիզիկական միջավայրը բարելավել, որը շատ կարևոր է այսօր, այնպես էլ բուժհաստատությունը հագեցնել լաբորատոր գործիքային հետազոտություններով և սարքավորումներով,  որի շնորհիվ կկարողանան ավելի բարձր մակարդակով բուժծառայություններ մատուցել մեր ազգաբնակչությանը։

Մենք Շիրակի մարզպետ պարոն Առուշանյանի հետ ամփոփեցինք առաջին կիսամյակը, միայն առողջության առաջնային պահպանման օղակը ապահովագրության մասով ֆինանսավորվել էր 1 միլիարդ 6 հարյուր հազար դրամով։ Դա հնարավորություն է տալիս մեր բուժհաստատություններին հագեցնել իրենց արսենալը», -ասաց Լեյլի Ասլանյանը։

Իսկ  որ տարիքային խումբը ու որ հիվանդությունների դեպքում են քաղաքացիներն առավել շատ դիմում առողջապահության ապահովագրումից օգտվելու համար։

Գյումրի բժշկական կենտրոնի պաշտոնակատար Արմեն Խաչատրյանը տեղեկացրեց՝ 65 տարեկանից բարձր տարիքային խումբն է  առավել շատ դիմում իրենց։ Հիմնականում դիմում են կոնքազդրային հոդի էնդոպրոթեզավորման հարցով․ եթե նախկիունմ ամսական 2-3 հոգու էին վիրահատում, ապա այժմ շաբաթական՝ 5-6 հոգու։

Ակնաբուժական ծառայությունից օգտվողների թիվը ևս ավելացել է, կատարախտով տառապող տարեցները, որոնք նախկինում չեն կարողացել անվճար վիրահատվել, այժմ վիրահատվում են։ Սրտի իշեմիկ հիվանդություններ ունեցողները ևս հաճախակի են դիմում, մինչև ապահովագրության ներդրումը նրանք ստենդավորում և կորոնոգրաֆիա անցնելու հնարավորություն չունեին, հիմա ունեն։

«Այն ծառայությունները, որոնք անհասանելի էին նախկինում պետպատվերի շրջանակում, հիմա կարող են օգտվել»,-ասաց Արմեն Խաչատրյանը։

Էնրիկո Մատտեի անվան պոլիկլինիկայի տնօրեն Արթուր Մանուկյանն էլ, պատասխանելով այդ նույն հարցին, ասաց․ «Փորձեցինք վիճակագրություն դուրս բերել, մեր պոլիկլինիկայում կոնկրետ ապահովագրության շրջանակներում կան մարդիկ, որոնք այնպիսի վիրահատությունների են ենթարկվել, օրինակ՝ կարդիոսիմուլյատորի կամ կարդիովերտերի տեղադրում որոնք մինչև 4 միլիոնանոց արժողությամբ վիրահատություններ էին, նույնիսկ ունեինք հաշմանդամություն ունեցող անձինք, օրինակ՝3-րդ խմբի, որոնց համար ասյ վիրահատություններն անհասանելի էին, ապահովագրության շրջանակում կարողացան վիրահատվել»։

Այն, ըստ բանախոսների, ամբողջ աշխարհում ներդրված համակարգ է,  բյուջեն ձևավորվում է ինպես պետաթյուն տրամադրած գումարով, այնպես էլ քաղաքացիների ապահովագրավճարներով, այնպես որ մտավախությունը, թե բյուջեն չի բավարարի, գումարը կսպառվի, ըստ նրանց, աբսուրդի ժանրից է։

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments