Քննարկման ամփոփում․ առողջապահության համընդհանուր ապահովագրություն. հիմնական արդյունքներն ու խնդիրները
«Գյումրու երկխոսության մեդիա կենտրոնում» առողջապահության ոլորտի պատասխանատուների և բժշկական հաստատությունների ղեկավարների մասնակցությամբ քննարկվեց 2026 թվականի հունվարից Հայաստանում ներդրված առողջապահության համընդհանուր ապահովագրության գործնական կիրառումը։ Բանախոսներն անդրադարձան համակարգի առաջին վեց ամիսների արդյունքներին, առավել հաճախ օգտվող խմբերին, ֆինանսական ազդեցությանը, ինչպես նաև առկա խնդիրներին և մարտահրավերներին։
Քննարկմանը մասնակցում էին Շիրակի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական հարցերի վարչության պետ Լեյլի Ասլանյանը, Գյումրի բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Արմեն Խաչատրյանը, Գյումրու Գրիգոր Նարեկացու անվան պոլիկլինիկայի տնօրեն Աստղիկ Բեյբությանը և Էնրիկո Մատտեի անվան պոլիկլինիկայի տնօրեն Արթուր Մանուկյանը։
Սկզբնական դժվարությունները հաղթահարվել են
Բանախոսների գնահատմամբ՝ համակարգի ներդրման առաջին ամիսներին քաղաքացիների մեծ հոսքի պատճառով առաջացել էին հերթեր և կազմակերպչական խնդիրներ։ Շատերի մոտ նաև մտավախություն կար, որ ծրագիրը կարող է կարճաժամկետ լինել, ինչի հետևանքով մարդիկ շտապում էին հնարավորինս արագ օգտվել ծառայություններից։ Առաջին ամիսներին հերթերն ու խառնաշփոթը հաղթահարվել են:
Շիրակի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական հարցերի վարչության պետ Լեյլի Ասլանյանի խոսքով՝ ցանկացած նոր համակարգի ներդրում անխուսափելիորեն առաջացնում է գործնական հարցեր, որոնք լուծվում են առողջապահության նախարարության և Առողջապահության ապահովագրության հիմնադրամի հետ ամենօրյա համագործակցության միջոցով։
Ավելի քան 32 հազար ամբուլատոր և 8 հազար ստացիոնար դեպք
Գյումրի բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Արմեն Խաչատրյանի ներկայացմամբ՝ առաջին վեց ամիսների ընթացքում.
իրականացվել է ավելի քան 32 հազար ամբուլատոր սպասարկում, որոնց դիմաց պետությունը փոխհատուցել է մոտ 300 միլիոն դրամ,
գրանցվել է ավելի քան 8 հազար ստացիոնար բուժման դեպք, որոնց համար հատկացվել է շուրջ 1,5 միլիարդ դրամ։
Նրա խոսքով՝ համակարգի շնորհիվ բազմաթիվ քաղաքացիներ, այդ թվում՝ նախկինում պետպատվերից դուրս մնացած սոցիալական խմբերը, հնարավորություն են ստացել օգտվելու թանկարժեք բուժօգնությունից և վիրահատություններից։
47 հազար ապահովագրական դեպք՝ մեկ պոլիկլինիկայում
Էնրիկո Մատտեի անվան պոլիկլինիկայի տնօրեն Արթուր Մանուկյանը տեղեկացրեց, որ շուրջ 30 հազար բնակչություն սպասարկող պոլիկլինիկան վեց ամսվա ընթացքում սպասարկել է մոտ 47 հազար ապահովագրական դեպք։
Քաղաքացիներն օգտվել են ինչպես առաջնային բժշկական խորհրդատվություններից, այնպես էլ լաբորատոր, գործիքային հետազոտություններից, նեղ մասնագիտական խորհրդատվություններից և վիրահատությունների ուղեգրումներից։
Պոլիկլինիկան ապահովագրության շրջանակում վեց ամսում ստացել է 214 միլիոն դրամ, մինչդեռ նախորդ տարիներին ամբողջ տարվա բյուջեն այդքան չէր կազմել։
Գրիգոր Նարեկացու անվան պոլիկլինիկայում՝ շուրջ 43 հազար դեպք
Պոլիկլինիկայի տնօրեն Աստղիկ Բեյբությանի խոսքով՝ տարվա առաջին կիսամյակում սպասարկվել է մոտ 43 հազար դեպք։
Նա նշեց, որ սկզբնական շրջանում քաղաքացիները հաճախ տեղեկացված չէին, թե ապահովագրական գործընթացը սկսվում է ընտանեկան բժշկից և պոլիկլինիկայից, ինչի պատճառով անմիջապես դիմում էին հիվանդանոց։ Այժմ այդ գործընթացը կարգավորվել է։
Ինչպե՞ս է գործում շտապօգնության դեպքում
Քննարկման ընթացքում հնչեց հարց, թե արդյոք շտապօգնության մեքենայով հիվանդանոց տեղափոխված քաղաքացին ապահովագրության շրջանակում բուժում ստանում է։
Արմեն Խաչատրյանը պարզաբանեց, որ անհետաձգելի դեպքերում գործում է նաև «Էմերջենսի» ծրագիրը։ Եթե բուժառուն ունի ապահովագրություն, ապա աշխատանքային օրերին բուժհաստատությունը համապատասխան փաստաթղթերը ներկայացնում է ապահովագրական հիմնադրամին։
Ավելի մեծ ֆինանսական հնարավորություններ բուժհաստատությունների համար
Լեյլի Ասլանյանի խոսքով՝ առողջապահության համընդհանուր ապահովագրության ներդրումը զգալիորեն մեծացրել է բուժհաստատությունների ֆինանսական հնարավորությունները։
Նրա տեղեկացմամբ՝ միայն Շիրակի մարզի առողջության առաջնային պահպանման օղակը 2026 թվականի առաջին կիսամյակում ապահովագրության շրջանակում ֆինանսավորվել է 1 միլիարդ 600 միլիոն դրամով։ Այդ միջոցները հնարավորություն են տալիս բարելավել բուժհաստատությունների նյութատեխնիկական բազան, համալրել սարքավորումները և բարձրացնել մատուցվող ծառայությունների որակը։
Ովքե՞ր են առավել հաճախ օգտվում ապահովագրությունից
Արմեն Խաչատրյանի խոսքով՝ առավել ակտիվ օգտվողները 65 տարեկանից բարձր քաղաքացիներն են։
Ամենապահանջված ծառայություններից են.
կոնքազդրային հոդի էնդոպրոթեզավորում,
կատարակտի վիրահատություններ,
սրտի իշեմիկ հիվանդությունների բուժում,
ստենդավորում և կորոնոգրաֆիա։
Նրա խոսքով՝ նախկինում պետպատվերով անհասանելի բազմաթիվ ծառայություններ այժմ հասանելի են դարձել ապահովագրության շնորհիվ։
Արթուր Մանուկյանը հավելեց, որ իրենց պոլիկլինիկայի ուղեգրումներով իրականացվել են նաև մինչև 4 միլիոն դրամ արժողությամբ կարդիոսիմուլյատորի և կարդիովերտերի տեղադրման վիրահատություններ, որոնցից օգտվել են նաև 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող քաղաքացիներ։
Քննարկման ավարտին բանախոսներն ընդգծեցին, որ առողջապահության համընդհանուր ապահովագրությունը երկարաժամկետ համակարգ է, որը գործում է աշխարհի բազմաթիվ երկրներում։ Նրանց խոսքով՝ համակարգի ֆինանսավորումը ձևավորվում է ինչպես պետական միջոցներից, այնպես էլ ապահովագրավճարներից, ուստի մտավախությունները, թե միջոցները կարող են սպառվել, հիմնավորված չեն։

© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com






