«Հայաստանը պետք է ընդունի խտրականության դեմ պայքարի ամուր շրջանակ» Մ. Օ’Ֆլահերթի

Այսօր հրապարակված Հայաստանի վարչապետին ուղղված նամակում Մայքլ Օ’Ֆլահերտին խորհուրդ է տալիս Հայաստանին ընդունել համապարփակ հակախտրական օրենսդրություն։ Հանձնակատարը ողջունեց Հայաստանի առաջընթացը, այդ թվում՝ Քրեական օրենսգրքում նոր ոլորտային օրենսդրությունը և երաշխիքները, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնողական ներգրավվածությունը: Նշելով, որ Արդարադատության նախարարությունը պատրաստում է «Խտրականության կանխարգելման և դրանից պաշտպանության մասին» օրենքի նախագիծ, հանձնակատարը հրավիրեց վարչապետին օգտվելու հնարավորությունից՝ ստեղծելու խտրականության դեմ պայքարի ամուր շրջանակ, որը կհամապատասխանի միջազգային չափանիշներին և բազմազան հասարակության կարիքներին: Սա պետք է արվի քաղաքացիական հասարակության և միջազգային գործընկերների, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի հետ խորհրդակցելով:

Հանձնակատար Օ’Ֆլահերտին ընդգծեց մի քանի հարցեր՝ ապահովելու համար, որ ապագա օրենքը լիովին համապատասխանի Եվրոպայի խորհրդի չափանիշներին: Կարևոր է Մարդու իրավունքների պաշտպանին տրամադրել հստակ սահմանված մանդատ՝ որպես հավասարության մարմին, որը կունենա խտրականության դեմ արդյունավետ պայքարի և հավասարությունը խթանելու համար անհրաժեշտ իրավասություններ, լիազորություններ և ռեսուրսներ: Այլ հարցերից են՝ ԼԳԲՏ անձանց մարդու իրավունքների պաշտպանության գործում իրավական որոշակիության ապահովումը, օրինական շահագրգռվածություն ունեցող կազմակերպություններին հնարավորություն տալը հարուցելու կամ միջամտելու խտրականության դեմ պայքարի գործերով, և ատելության խոսքի խնդրի լուծումը:

ՀՀ վարչապետը պատասխանել է Մարդու իրավունքների հանձնակատարի նամակին: Նա շնորհակալություն է հայտնել հանձնակատարին՝ նամակի և Հայաստանում մարդու իրավունքների իրավիճակի նկատմամբ ուշադրության համար, Հայաստան նրա վերջին այցից հետո (2026թ. փետրվարի 3-5)։ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս այդ այցին՝ որպես կարևոր քայլ Հայաստան-Եվրոպայի խորհրդի համագործակցության հետագա ամրապնդման ուղղությամբ: Նա նշել է, որ Հայաստանը շարունակում է իր իրավական և ինստիտուցիոնալ համակարգը հաստատակամորեն մոտեցնել Եվրոպայի խորհրդի չափանիշներին, հատկապես՝ հակախտրականության ոլորտում։ Այս առումով Փաշինյանը գոհունակությամբ նշել է, որ «Խտրականության կանխարգելման և դրանից պաշտպանության մասին» օրենքի նախագիծն արդեն մշակվել է ՀՀ Արդարադատության նախարարության կողմից, շրջանառվել է շահագրգիռ կողմերի շրջանում և ներկայացվել վարչապետի գրասենյակ՝ հետագա ընթացակարգային քայլերի համար։

 

Ձեր նամակում բարձրացված դիտարկումները ներառված են նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության մեջ։ Ինչ վերաբերում է Մարդու իրավունքների պաշտպանի մանդատին, ապա Փաշինյանը նշել է, որ այս ինստիտուտը կարևոր դեր ունի հավասարության և խտրականության բացառման ապահովման գործում։ Այս համատեքստում «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ նախատեսող նախագիծը, որը ներառված է հակախտրականության ամբողջական իրավական շրջանակ ստեղծելու նպատակով մշակված նախագծերի փաթեթում, սահմանում է պաշտպանի լիազորությունները՝ որպես խտրականության կանխարգելման և դրանից պաշտպանության մարմին՝ համապատասխան Եվրոպայի խորհրդի չափանիշներին։ Ատելության խոսքի դեմ պայքարի ուղղությամբ Փաշինյանը հայտնել է, որ Արդարադատության նախարարությունը մշակել է օրենսդրական փաթեթ՝ Քաղաքացիական օրենսգրքում և Վարչական իրավախախտումների օրենսգրքում փոփոխություններ կատարելու համար։ Այն նպատակ ունի սահմանել համաչափ պատասխանատվություն ատելության խոսքի դրսևորումների համար և նախատեսում է նաև ոչ նյութական վնասի փոխհատուցման մեխանիզմներ։ Բացի այդ, լրատվամիջոցներին և տեսալսողական ծառայություններին պարտավորություն է դրվում հեռացնել ատելության խոսք պարունակող բովանդակությունը։ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում համագործակցությունը Մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակի հետ և պատրաստ է շարունակել ու խորացնել այն՝ ի նպաստ ժողովրդավարական բարեփոխումների, արդարադատության զարգացման և հիմնարար իրավունքների պաշտպանության։

https://www.coe.int/en/web/commissioner/-/armenia-should-adopt-a-robust-anti-discrimination-framework

Կարդացե՛ք հանձնակատարի նամակը՝ ուղղված Հայաստանի վարչապետին

Կարդացե՛ք ՀՀ վարչապետի պատասխանը հանձնակատարի նամակին

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments