Կառավարությունը քննարկել է Գյումրիում առաջնահերթ ներդրումային ծրագրերը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Երևան և Գյումրի համայնքներում ՀՀ Կառավարության ներդրումային առաջնահերթությունների պլանը։
Քննարկման ընթացքում ներկայացվել են հատկապես այն խնդիրները, որոնք առաջնային լուծում են պահանջում և ունեն Կառավարության ֆինանսական կամ ինստիտուցիոնալ աջակցության կարիքը։ Վարչապետը նշել է, որ Երևանում և Գյումրիում Կառավարության ներդրումներն ավելի հասցեական դարձնելու և կոնկրետ ծրագրեր իրականացնելու անհրաժեշտություն կա։
Գյումրիին վերաբերող ներդրումային առաջնահերթությունների պլանը ներկայացրել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանը։
Նախ անդրադարձ է կատարվել Գյումրիում 24-ժամյա ջրամատակարարման ապահովման խնդրին։ Նշվել է, որ քաղաքում առկա է շուրջօրյա ջրամատակարարում, սակայն ծանրաբեռնված օրերին արձանագրվում են պարբերական անջատումներ։ Խնդրի լուծման համար անհրաժեշտ է ջրամատակարարման համակարգի արդիականացում։
Քննարկվել է նաև Գյումրիում զբոսաշրջային կլաստերի զարգացման հարցը։ Նշվել է, որ «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման» ծրագրով Գյումրիում արդեն իրականացվել է շուրջ 6․6 մլրդ դրամի ներդրում։ Բացի այդ, «Հայաստանի զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների ծրագրով» նախատեսվում է ևս 16․5 մլն դոլարի ներդրում՝ զբոսաշրջային կլաստերի զարգացման ուղղությամբ։ Առաջարկվել է ծրագրում ներառել Հաղթանակի զբոսայգու, կենտրոնական շուկայի և Մանուշյան փողոցում գտնվող շատրվանի հիմնանորոգման աշխատանքները։
Առանձին անդրադարձ է կատարվել Գյումրիում տնակների խնդրի վերջնական լուծմանը։ Ներկայացվել է, որ 2026 թվականի հուլիսի 1-ի դրությամբ քաղաքում առկա է 2465 տնակ։ Նախնական գնահատականներով՝ դրանցում բնակվող շուրջ 596 ընտանիքի նկատմամբ Կառավարությունն ունի փոխհատուցման պարտավորություն։ Կարևորվել է փոխհատուցման տրամադրման և տնակների փաստացի ապամոնտաժման փոխկապակցված մեխանիզմների ներդրումը, որպեսզի խնդիրը ստանա վերջնական լուծում։
Քննարկվել է նաև Անի և Ավստրիական թաղամասների 37 փողոցների ամբողջական հիմնանորոգման հարցը։ Նշվել է, որ ներկայումս ընթանում են նախագծման աշխատանքներ։ Առաջարկվում է փողոցների հիմնանորոգմանը զուգահեռ բարեկարգել նաև բակային հատվածները, կառուցել խաղահրապարակներ, մինի ֆուտբոլի դաշտեր և անցկացնել լուսավորության ցանց։
Գյումրիում ճանապարհաշինական աշխատանքների մասով ներկայացվել է, որ ՏԿԵՆ-ի կողմից իրականացվող 500 կմ ճանապարհաշինական ծրագրերի ցանկում ներառված է նաև քաղաքում տարեկան 25 կմ ճանապարհի հիմնանորոգումը։ Գյումրու շուրջ 180 կմ ճանապարհներից մոտ 70 կմ-ն նախկինում հիմնանորոգվել է, իսկ մնացած մոտ 110 կմ-ն գտնվում է խիստ անբարեկարգ վիճակում։ Նշվել է, որ տարեկան 25 կմ ճանապարհաշինության պլանավորման աշխատանքներն ընթացքի մեջ են։
Հանդիպմանը քննարկվել են նաև Գյումրիում վթարային շենքերի, Ալեք Մանուկյան փողոցի կամուրջի նորոգման և ավտոկայանի կառուցման հարցերը։ Վթարային շենքերի մասով ընդգծվել է տարբերակված մոտեցման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով դրանցից որոշների պատմամշակութային նշանակությունը։ Ալեք Մանուկյան փողոցի կամուրջի մասով նշվել է, որ այն քաղաքի երկու բանուկ հատվածները կապող կարևոր ենթակառուցվածք է և ունի մեծ նշանակություն երթևեկության կազմակերպման տեսանկյունից։
Ամփոփելով քննարկումը՝ վարչապետը նշել է, որ ներկայացված ծրագրերը պետք է իրականացվեն սահմանված ընթացակարգերով, սակայն անհրաժեշտ է հրատապ կերպով կենտրոնանալ առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների վրա։
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com






