Քննարկվել է ՔՀԿ-ներին, ԶԼՄ-ներին և կուսակցություններին քաղաքացիների կողմից աջակցություն ցուցաբերելու նոր մեխանիզմը
ՀՀ կառավարությունում քննարկվել է համընդհանուր հայտարարագրման համակարգի միջոցով քաղաքացիական հասարակության կազմակերպություններին, զանգվածային լրատվության միջոցներին և քաղաքական կուսակցություններին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու նոր մեխանիզմի ներդրման հնարավորությունը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում ներկայացվել է առաջարկ՝ ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի շրջանակում ներդնել սոցիալական հատկացումների կամ ծախսերի նոր համակարգ։ Այն հնարավորություն կտա քաղաքացիներին աջակցել իրենց նախընտրած հասարակական, լրատվական կամ քաղաքական կառույցներին՝ թափանցիկ և հաշվետու եղանակով։
Ըստ ՀՀ կառավարության հաղորդագրության՝ նոր համակարգի ներդրմամբ ակնկալվում է խթանել հայտարարագրերի ներկայացումը, նպաստել ՔՀԿ-ների և ԶԼՄ-ների ֆինանսական անկախությանը, ինչպես նաև բարձրացնել նրանց գործունեության հաշվետվողականությունն ու թափանցիկությունը։
Քննարկման ընթացքում ընդգծվել է նաև քաղաքական ինստիտուտների զարգացման կարևորությունը։ Ամփոփելով խորհրդակցությունը՝ վարչապետը հանձնարարել է ներկայացված դիտարկումների հիման վրա նախագիծը բերել վերջնական տեսքի։
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com






